Նկատենք, որ հայկական լրատվամիջոցներում անհարկի շրջանառվեց մի ձևակերպում, ըստ որի, հիշյալ արձանը հայ-թուրքական հաշտեցմանն ու բարեկամությանն է նվիրված: Իրականում այդ արձանի խորհրդանշական իմաստը շատ ավելի լայն է ու այդպես մասնավորեցված չէ: Թեմայի առնչությամբ պարզաբանում է տվել Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն` ասուլիս հրավիրելով հենց արձանի առջև:
Ըստ «CnnTurk» լրատվական ծառայության` Ալիբեյօղլուն ասել է, որ իրականում այդ արձանը հենց միայն հայ-թուրքական բարեկամության համար չէ, այլ ընդհանրապես կոչված է խորհրդանշելու մարդասիրություն և խաղաղություն:
«Մենք կանգնեցրեցինք արձանը, իսկ մյուսները` տվեցին անուններ: Ոմանք էլ այն անվանեցին հայկական հուշարձան: Նման բան չկա: Այս արձանը կանգնեցվել է բոլոր ցեղասպանության հուշարձաններին ի պատասխան, ինչպես Իգդիրում, այնպես էլ Երևանում գտնվող: Ես խաղաղության մարդ եմ: Ես եմ պատրաստել տվել այս արձանը:»
Ալիբեյօղլուն նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին, թեկուզև հակագովազդով, բայց և այնպես Կարսը գովազդելու համար ու հանդիմանել է հուշարձանի վերաբերյալ տգեղ արտահայտվելու համար:
Հիշեցնենք, որ Կարսի նախկին քաղաքապետը ընդդիմադիր ժողովրդահանրապետականների կուսակից է ում պաշտոնավարության ժամանակ էլ (2006թ) քանդակագործ Մեհմեթ Աքսոյին պատվիրվել է քանդակել այդ արձանը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանների բացման կողմնակից Ալիբեյօղլուն Էրդողանի և Կարսի բնակչության 20 տոկոսը կազմող ազերիների ճնշմամբ 2009 թվականին պաշտոնաթող եղավ:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment