Tuesday, January 18, 2011

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ

Tert.am. 18-1-2011- Թունիսի իրադարձությունները Հայաստանում նոր ուժով են բորբոքել հեղափոխության մասին խոսակցությունները: Երբ որեւէ երկրում այդօրինակ իրադարձություններից հետո Հայաստանում անխուսափելիորեն ակտիվանում են հեղափոխության մասին քննարկումները, դրանով հերթական անգամ ակնհայտ է դառնում, թե որքան մեծ է հեղափոխության պահանջարկը երկրում: Զարմանալի կլիներ իհարկե, եթե այն մեծ չլիներ: Եթե մի երկրում գոյություն ունի իրավական, տնտեսական, սոցիալական, քաղաքական ահռելի անհավասարություն, եթե մարդկանց մի խումբ տնoրինում է իշխանության եւ նյութական բարիքների ահռելի մեծամասնությանը, մյուս խմբին թողնելով ընդամենը յոլա գնալու բաժինը, ապա այդ երկրում հեղափոխության պահանջարկը օբյեկտիվ իրականություն է:
Բայց հարցն այստեղ այն է, թե ինչպիսին են հեղափոխության վերաբերյալ պատկերացումները: Ոչ որպես զուտ ֆիզիկական գործողություն, այլ որպես սկիզբ, ընթացք եւ տրամաբանական ավարտ ունեցող մի գործընթաց: Այդ առումով, պետք է թերեւս նկատել, որ Հայաստանում կան լուրջ խնդիրներ: Այսինքն, պատկերացումները շատ տարբեր են, հատկապես գործընթացի վերջնական արդյունքի մասով: Հայաստանում չկա հանրային ձեւավորված գերակա պատկերացում, թե հեղափոխությունից հետո կամ հեղափոխության արդյունքում ինչպիսի երկիր, ինչպիսի համակարգ է պետք կառուցել: Մեծամասնությունը առկա իրավիճակից դժգոհ են, բայց մարդկանց մի զգալի մասը դեռեւս ապրում է խորհրդային մտածողությամբ եւ հոգեբանությամբ, մյուս մասը ապրում է ներկայում իշխող նույն էթնոքրեական մտածողությամբ եւ հոգեբանությամբ` պարզապես բողոքում է, որ իշխանական լծակներն իրենը չեն: Հանրության մեկ այլ մաս ընդհանրապես գտնվում է միջնադարյան մտածողության ու հոգեբանության տիրույթում:

Միգուցե դա նաեւ միանգամայն բնական է Հայաստանի կարգի երկրների համար: Օրինակ, Վրաստանում տեղի ունեցավ վարդերի հեղափոխություն, որի արդյունքում իշխանության եկավ Սահակաշվիլին եւ սկսեց զգալիորեն փոխել երկիրը: Երեւի թե միարժեք է, որ մտածողության եւ հոգեբանության առումով Վրաստանի բնակչությունն էլ զուրկ էր գերակա միասնական արժեհամակարգից: Բայց էլիտան կատարեց զգալի դեր: Հեղափոխության պահանջարկը ծառայեց որպես միջոց երկրում արդիական մտածողության եւ համակեցության մրցունակ կանոնների ձեւավորման գործընթաց սկսելու համար: Եվ հենց էլիտայի շնորհիվ այդ գործընթացը շարժվում է նկատելի հաջողություններով:

Կա արդյոք Հայաստանում այդ էլիտան: Ավելի ճիշտ, ձեւավորվա՞ծ է արդյոք այդ էլիտան: Որովհետեւ անմիտ կլինի մտածել, թե Հայաստանում չկա արդիական մտածողության կրող հանրային շերտ կամ խումբ: Հարցն այն է, թե արդյոք այդ խմբերն ամբողջացած են որպես գործող, կենսունակ օրգանիզմ: Ընդ որում, խոսքը զուտ ֆիզիկական ամբողջության մասին չէ, երբ բոլորը կմեկտեղվեն նույն տարածքում կամ ձեւաչափում: Խոսքը համակարգված, հստակեցված եւ համաձայնեցված ընդհանուր նպատակով շոշափելի գործունեության մասին է: Այդ հարցի պատասխանն առայժմ թերեւս բացասական է: Հայաստանում արդիական մտածողության կրողները տարիներ շարունակ ցրված են քաղաքական եւ քաղաքացիական տարբեր բեւեռներում: Այդ մարդկանց եւ խմբերի միջեւ օրգանական կապի հաստատումը Հայաստանում թերեւս հավասարազոր կլինի հեղափոխության:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: