Wednesday, January 19, 2011

Վրաստանի պատրիարքարանը դժգոհ է վրացական եկեղեցիները Թուրքիայում վերականգնելու շուրջ ընթացող թուրք–վրացական բանակցություններից

Tert.am. 19-1-2011- Վրաստանի պատրիարքարանը քննադատական դիտողություններով է հանդես եկել վերջին շաբաթներին Թուրքիայում հին վրացական եկեղեցիների և Վրաստանում մզկիթների վերականգնման շուրջ բանակցությունների առնչությամբ, հայտնում է ИНТЕРФАКС–ը։
Ինչպես նշվում է պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ, հենց Եկեղեցին է համարվում վրացական ուղղափառ եկեղեցիների և տաճարների սեփականատերը, իսկ պետությունը պարտավոր է բանակցություններ վարել արտասահմանում գտնվող վրացական տաճարների սեփականության և խնամքի շուրջ.
«Այդ իսկ պատճառով թուրքական կողմից ներկայացված տաճարների ցանկը և բանակցությունների պայմանները պետք է համաձայնեցվեին դրանց սեփականատիրոջ՝Վրաստանի պատրիարքարանի հետ, ինչը սակայն ոչ առաջ, ոչ էլ այժմ չի իրականցվել»,– ասվում է հայտարարության մեջ։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Վրաստանի և Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները պայամանավորվածություն են ձեռք բերում Թուրքիայում 4 վրացական եկեղեցու և Վրաստանում 4 մզկիթի և 1 բաղնիքի վերականգնման շուրջ։
«Մենք նշել և այժմ էլ կրկնում ենք, որ Թուրքիային դիտարկում ենք որպես գործընկեր երկիր, որի հետ մեզ կապում են բարիդրացիական հարաբերությունները, ուստի բնական է, որ հարց է առաջանում՝ այն դեպքում, երբ Վրաստանում բազմաթիվ մզկիթներ են գործում, ինչու՞ դրա փոխարեն մեր բարեկամ երկրում չի կարող բացվել գոնե 2–3 վրացական եկեղեցի, չէ՞ որ դրանց գործունեության համար հոտ պետք չէ»,– ասվում է Վրաստանի պատրիարքարանի հայտարարության մեջ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ «անհրաժեշտ է ի սկզբանե հստակեցնել, թե ում սեփականության տակ են գտնվելու Վրաստանում վերականգնված մզկիթները և Թուրքիայում վերականգնված ուղղափառ եկեղեցիները»։
Միաժամանակ վրաց պատրիարքարանը նաև հույս է հայտնել, որ իր առաջարկները «բոլոր կողմերի համար ընդունելի կլինեն, ինչն էլ հարաբերություններն էլ ավելի կառուցողական կդարձնի»։

No comments: