Wednesday, January 19, 2011

CNNturk. Թուրքական ոստիկանությունը չի կանխել Դինքի սպանությունը, քանի որ նա հայ էր

News.am. 19-1-2011- Ստամբուլում ուղիղ 4 տարի առաջ այս օրը՝ հունվարի 19-ին սպանվեց «Ակոս»-ի խմբագիր, հայտնի հասարակական եւ քաղաքական գործիչ Հրանտ Դինքը: Թուրքիայում այս օրերին մամուլում առատ են Հրանտ Դինքի սպանության հետ կապված հրապարակումները: Հրանտ Դինքի սպանությանն է անդրադարձել թուրքական CNNturk-ի գլխավոր խմբագիր, հայտնի թուրք վերլուծաբան Մեհմեդ Ալի Բիրանդը՝ Դինքի սպանությունը կանխելու եւ չբացահայտելու մեջ մեղադրելով թուրքական իշխանություններին եւ ոստիկանությանը:
«4 տարի է անցել այն օրից, ինչ սպանվել է Հրանտ Դինքը, սակայն թուրքական ոստիկանության պատասխանատուները դեռեւս չեն պատժվել: Եթե չլինեին Նեդիմ Շեները եւ մյուս լրագրողները, հասարակությունը նույնիսկ այս մասին չէր էլ իմանա: Հասարակությունն արդեն հասկացել է, որ մինչ սպանությունը անվտանգության ոլորտի պատասխանատուները տեղեկացված են եղել դրա մասին: Ոստիկանությունը չի կանխել կամ չի կարողացել կանխել Դինքի սպանությունը, քանի որ նա հայ էր:
Ոստիկանությունը մտածված կամ ոչ մտածված կերպով արհամարհել է սպանությունից առաջ տեղի ունեցող պատրաստությունները»,-նշում է Մեհմեդ Ալի Բիրանդը՝ շեշտելով, թե հետախուզությունը չի կատարել իր պարտականությունները:
Ըստ CNNturk-ի խմբագրի՝ Հրանտ Դինքի սպանությունը տեղի է ունեցել պետության անտարբերության հետեւանքով, իսկ այդ անտարբերությունը դեռեւս շարունակվում է:
«Ներքին գործերի նախարարությունը չի անում անհրաժեշտը. Հրանտ Դինքի սպանության հետաքննության թղթապանակը կրկին չի բացվում: Լռում են՝ կարծելով, թե սպանության մեղավորների բացահայտումը վնաս կտա պետությանը: Սակայն հասարակությունը պետք է ստանա մութ հարցերի պատասխանները: Թուրք հասարակությունը չպետք է ապրի նման խայտառակություն, եւ մեղավորները պետք է պատժվեն»,-եզրափակել է Մեհմեդ Ալի Բիրանդը:

No comments: