Wednesday, January 19, 2011

Ինչպե՞ս են Դինքին հիշում Հայաստանում և Թուրքիայում. մեկնաբանություններ

HayNews.am. 19-1-2011- Հրանտ Դինքի սպանությունից 4 տարի է անցել: Ինչպիսի՞ն էր նա, ինչպե՞ս ես հիշում նրան տարբեր մասնագիտությունների, ազգությունների մարդիկ…
Պոլսահայ Արդա Չինարյանն այսպես է բնութագրում Դինքին. «Բնավ վախ չուներ, շատ քաջ էր, դրա համար նրան «Խենթ Հրանտ» էին ասում: Խոսում էր այն, ինչ մտածում էր: Սիրված էր բոլորի կողմից: Կապ չուներ՝ դիմացինը գյուղից եկած մարդ էր, ծեր էր,թե երեխա, բոլորի հետ կարողանում էր խոսել: Զգում էիր, որ սրտանց է խոսում, հոգով: Պարզ մարդ էր և այդպես էլ ապրում էր»:
Թուրքիայում բնակվող մեր հայրենակից Մուսթաֆա Արսլանն իր հերթին նշում է. «Անձամբ չեմ ճանաչել: Սակայն կարդացել եմ հոդվածները, հետևել են գործունեությանը: Պետք է ցավով ասեմ, որ մի լավ հայ մտավորականի ենք կորցրել»:
Թուրք ուսանողուհի Դենիզը նշում է. «Դինքին մահանալուց առաջ գիտեի: Գիտեի, որ լրագրող է, մանկատուն է բացել: Բացի այդ, կիսում էի նրա մտքերը: Եվ երբ լսեցի, որ ֆաշիստները սպանել են նրան, շատ տխրեցի, տխրությունս փոխվեց բարկության»:
Թուրքագետ Արտակ Շաքարյանը նշում է, որ անձամբ չի շփվել Դինքի հետ: «Նախքան մահանալը նա միանշանակ չէր ընդունվում ոչ ՀՀ պետության, ոչ էլ թուրքագիտական շրջանակներում, քանի որ շատ հաճախ չեզոք ու սովորական «արկղից» դուրս մտքեր էր արտահայտում…»:
Թուրքագետ Անահիտ Քարտաշյանն էլ գտնում է, որ Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի հայության բեկորներից վերաձևավորված պոլսահայ համայնքը շատ զգուշավորություն է ցուցաբերում, քանի որ կա նախ հոգեբանական գործոն և բացի այդ հանրապետական շրջանում տեղի ունեցած բոլորիս հայտնի իրողություններ` Ունեցվածքի հարկ, Սեպտեմբերի 5-6-ի դեպքեր և այլն: «Նման մթնոլորտում Հրանտ Դինքը կարելի է ասել առաջիններից մեկն էր, որ սկսեց բացահայտ խոսել ցեղասպանության, ծպտյալ հայերի, Սաբիհա Գյոքչենի հայկական ծագման և այլ տաբուների մասին, ինչն էլ ունեցավ ցավալի վախճան: Կարելի է ասել՝ Դինքն իր օրինակով փորձում էր շատ զգուշորեն պոլսահայ համայնքին հանել թմբիրից: Դինքի ջանքերով հիմնադրված «Ակօս» շաբաթաթերթն էլ ծառայում էր այդ առաքելությանը»:

No comments: