Monday, January 24, 2011

ԼՂՀ ԱԳՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍՈՒԴԱՆԻ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /Արցախի Հանրապետության/ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Հարավային Սուդանի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը: Հարավային Սուդանի հանրաքվեի անցկացումը վկայում է այն մասին, որ ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի ճանաչումն ու իրացումը հանդիսանում է նմանատիպ հակամարտությունների խաղաղ կարգավորման առավել օպտիմալ և ժողովրդավարական եղանակը: Այդ կերպ են լուծվել Եթովպիայի և Էրիտրեայի, Ինդոնեզիայի և Արևելյան Թիմորի միջև հակամարտությունները:
ԼՂՀ ԱԳՆ-ն գոհունակությամբ է ընդգծում միջազգային հանրության դիրքորոշումը, որն անհրաժեշտ ճնշում է գործադրել Խարթումի կենտրոնական իշխանության վրա և հերթական անգամ աջակցություն է հայտնել ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառմանը` որպես պետական անկախության հռչակման և հետագա պաշտոնապես ճանաչման հիմք:
ԼՂՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ Հարավային Սուդանի հանրաքվեի արդյունքը կլինի երկարատև խաղաղության և կայունության հաստատումը, որը թույլ կտա ջանքերն ուղղել տարածաշրջանի երկրների միջև կառուցողական և փոխշահավետ համագործակցությանը:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը աշխարհի տերությունների կողմից օբյեկտիվ և կայուն հետևողականություն է ակնկալում ադրբեջանա-ղարաբաղյան և նմանատիպ հակամարտությունների նկատմամբ նույնատիպ մոտեցում կիրառելու հարցում` միջազգային իրավունքի կիրառման ժամանակակից միտումների ոգով և 2009թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» բանաձևին համապատասխան: Այդ կապակցությամբ ԼՂՀ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Արցախի ժողովուրդը իր ինքնորոշման իրավունքից օգտվել է դեռևս 1991թ.-ին` անցկացված հանրաքվեով արտահայտվելով անկախության օգտին և իր կամքը հաստատել է 2006թ. ԼՂՀ Սահմանադրության ընդունմամբ:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսումը և միջազգային հանրության անգործությունը հանգեցրել են ԼՂՀ դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի, որի արդյունքում սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, հարյուր հազարավորները ենթարկվել են էթնիկական զտումների և տեղահանումների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների զոհ են դարձել:

Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) ժողովրդի արդեն իսկ կայացած կամարտահայտության արդյունքների միջազգային ճանաչումը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման և Արցախի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև քաղաքակիրթ հարաբերությունների կերտման համար պայմանների ստեղծման ամենակարճ ուղին:

ԼՂՀ ԱԳՆ-ն փաստում է, որ մարդկանց ազատությունն ու անվտանգությունը ժամանակակից աշխարհում բարձրագույն արժեքներ են հանդիսանում: Մարդու հիմնական իրավունքների իրացմանը խոչընդոտելու ցանկացած փորձ պետք է դիտվի քաղաքական իրավիճակից անկախ և միջազգային հանրության կողմից միանշանակ և խիստ գնահատականի արժանանա:

ք. Ստեփանակերտ, 24 հունվարի 2011թ
.

No comments: