Tuesday, January 18, 2011

ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՖԻԼՄՆ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ՈՒՆԻ ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԸ

Հունվարի 18-ին Մոսկվայում հայ և ադրբեջանցի համայնքների մոտ 50 ներկայացուցչի մասնակցությամբ կայացել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին առաջին գեղարվեստական «Ընդհատված երգը» ֆիլմի www.prervannaya-pesnya.ru պաշտոնական կայքի շնորհանդեսը:
Նախագծի և դրա ստեղծողների մասին տեղեկատվությամբ կայքն ունի 6 բաժին: «Ղարաբաղյան հակամարտություն» բաժնում զետեղված է մանրամասն տեղեկատվություն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, «ԶԼՄ-ները մեր մասին» բաժնում, դրական արձագանքներից զատ, նաև հղումներ` ադրբեջանական լրատվամիջոցների նյութերին, որոնք, ինչպես հաղորդվել է ավելի վաղ, «Ընդհատված երգի» վարկաբեկմանն ուղղված քարոզարշավ են ծավալել:
Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» կինոնկարի ստեղծման գաղափարը Մոսկվայում բնակվող մի խումբ հայ երիտասարդներինն է: Ֆիլմը նպատակն է անաչառ մոտեցմամբ ներկայացնել դարերի ընթացքում ստեղծված այն իրականությունը, որն այսօր խոչընդոտում է երկու ժողովուրդների համակեցությունը:
Ֆիլմի հեղինակները չեն պաշտպանում հերոսներից որևէ մեկի դիրքորոշումը, այլ ընթացող բանավեճի միջոցով փորձում են գտնել երկուստեք ընդունելի ելքը ստեղծված իրավիճակից:
Կինոնկարի պրեմիերան կկայանա Մոսկվայում մայիսի վերջին, այնուհետև նպատակ կա ֆիլմը ցուցադրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և որոշ Բալկանյան պետությունների մեծ էկրաններ: Ֆիլմի ռեժիսորն է Արիկ Մանուկյանը, գլխավոր պրոդյուսերը` Աշոտ Պողսյանը:
Ֆիլմի ֆինանսավորումն իրականացվում է ստեղծագործական խմբի անձնական միջոցներով, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ որոշ մասայական տեսարանների նկարահանման, ինչպես մաև տարբեր երկրներում պրեմիերաների ու ցուցադրումների հավուր պատշաճի կազմակերպման համար: Նկարահանող խումբը պատրաստ է քննարկել նախագծին օժանդակության բոլոր այն առաջարկները, որոնք չեն ենթադրում սյուժեի փոփոխում:

Լուսանկարում` www.prervannaya-pesnya.ru կայքի գլխավոր էջը

No comments: