Monday, January 31, 2011

ԼՂՀ ԱԺ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

“Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհուրդ” ՀԿ նախաձեռնության եւ դրա նկատմամբ ԼՂՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վերաբերմունքի թեմայով Լրագրի առնվազը երկու հրապարակումներում, առաջինը` Նաիրա Հայրումյանի ստորագրությամբ, երկրորդը` “ինկոգնիտո”, խնդիրը ներկայացվել է միակողմանի եւ ոչ կոռեկտ ձեւակերպումներով:
Զերծ մնալով նույն բառապաշարով հակադարձելու իրավունքից ու հնարավորությունից, պարտքս եմ համարում ընթերցողներին ներկայացնել հետեւյալ պարզաբանումը:
Խնդրո առարկա “փաստաթուղթը”, ի հակակշիռ Լրագրի պնդումների, մշակվել է ոչ թե ԼՂՀ քաղաքացիական եւ փորձագիտական հանրության, այլ երկու անձանց` Մանվել Սարգսյանի եւ Անդրեաս Ղուկասյանի կողմից: Այնպես որ` չափազանցելու կարիք բոլորովին չկար:

“Հռչակագրի” տեքստն էլ-փոստով առաջին անգամ ինձ փոխանցել է Գեղամ Բաղդասարյանը, երբ դեռ Ստեփանակերտում էր: Այնուհետեւ նախաձեռնությունն ստանձնել է Անդրեաս Ղուկասյանը, ում բացատրվել է, որ Ազգային ժողովը չի կարող նման հարց քննարկել, քանի որ Սահմանադրությամբ եւ ԱԺ Կանոնակարգ օրենքով այդպիսի լիազորություն չունի, եւ չկա ընթացակարգ, որով խորհրդարանն անդրադառնա ՙհանրային նախաձեռնություններին՚` ինչ անուն էլ որ դրանք ունենան:

Ինձ հայտնի չէ, թե երբ եւ ինչ հանգամանքներում են Մանվել Սարգսյանն ու Անդրեաս Ղուկասյանն իրենց հեղինակային իրավունքը փոխանցել Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդին, եւ վերջինս ինչու է ընտրել ՙխորհրդարանին համոզելու ճանապարհը՚: Կար հնարավորություն, այդ մասին Անդրեաս Ղուկասյանը տեղեկացվել էր, որպեսզի հարցը դառնար քաղաքական խորհրդատվությունների թեմա:

Մարդիկ, ցավոք, եկել են այն եզրակացության, որ կարելի է նախ սեփականաշնորհել ուրիշների փորձագիտական աշխատանքի պտուղները, ապա այն ներկայացնել իբրեւ “հանրային պահանջվածություն”, ի վերջո էլ խնդիրը տեղափոխել ՙԼրագրի՚ հրապարակումների դաշտ:

Տպավորություն է ստեղծվում, որ նրանց, նաեւ Լրագրի նպատակը ոչ այնքան որեւէ փաստաթղթի ընդունումն է, որքան` ԼՂՀ “իրավասուբյեկտության եւ օբյեկտության” մաշված թեմայի շուրջ նյութ ունենալը:

Ինչ վերաբերում է այն պնդումներին, թե “պատգամավորները “Հռչակագրի” տեքստի վերաբերյալ առարկություններ չեն ունեցել”,- ապա դա եւս իրականությանը չի համապատասխանում: Դեռեւս տարեվերջին ես Ազգ-ում անդրադարձել եմ խնդրին եւ ներկայացրել իմ սկզբունքային դիրքորոշումը: Չեմ կարծում, թե Նաիրա Հայրումյանը կամ Լրագրի անանուն հեղինակը դրան ծանոթ չեն: Եթե “փաստաթղթի” հեղինակներն ընդունած լինեին քննարկումների` իմ կողմից արված առաջարկությունը, ապա, հավատացնում եմ, կստանային մի քանի տասնյակ առարկություններ եւ առաջարկություններ, ինչպես նաեւ անհրաժեշտ տեղեկատվություն` խորհրդարանում հարցերի քննարկման ընթացակարգերի մասին, ինչից, պետք է համոզված լինել, կշահեր նրանց փորձագիտական մակարդակը:

Հույս ունեմ, որ այս բացատրությունը կհրապարակվի, ինչպես պահանջում են օրենքը եւ լրագրողական էթիկան: Վերջում խորհուրդ եմ տալիս չափավորել Լրագրի որոշ հեղինակների երեւակայությունը եւ որակումներ ընտրելիս լինել կոռեկտ:

Հարգանքով` Վահրամ Աթանեսյան
31 հունվարի 2011թ.
ք. Ստեփանակերտ

No comments: