Wednesday, January 19, 2011

Թուրքիայի վարչապետը դարձյալ հարվածեց ինքն իրեն

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամեն անգամ բերանը բացելիս ամոթալի վիճակի մեջ է գցում իրեն և իր կառավարությանը: Նրա ցասումնալի, հաճախ նաև ապշեցուցիչ և վիրավորական հայտարարությունները Թուրքիայի համար վատ համբավ են ստեղծում միջազգային ասպարեզում և մի նոր զենք են դառնում իր ընդդիմադիրների ձեռքին:

Մեկ տարի առաջ Էրդողանը սպառնաց 100 հազ հայերի արտաքսել Թուրքիայից` դրանով իսկ ամբողջ աշխարհին հիշեցնելով, որ Անկարայի ներկայիս ղեկավարները այնքան էլ չեն տարբերվում իրենց արնախում նախնիներից, որոնք 1.5 միլիոն հայերի էին արտաքսել և կոտորել 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ: Խիստ քննադատության ենթարկվելով երկրի ներսում և արտերկրում` Էրդողանը արդարացավ, թե ցանկացել է արտաքսել Հայաստանից եկած այն աշխատողներին, որոնք փաստաթղթեր չեն ունեցել: Երբ նրան ասացին, որ 100 հազար հայերի թվում ընդգրկված են թե տեղացի և թե օտարերկրյա հայերը, վարչապետը մեղադրեց իր օգնականներին` հայ ազգաբնակչության վերաբերյալ իրեն սխալ տվյալներ տրամադրելու համար:

Այս ամսվա սկզբին Կարս կատարած այցելության ժամանակ Էրդողանը ևս մեկ անտակտություն թույլ տվեց, երբ պահանջեց քանդել «Հայաստան-Թուրքիա բարեկամությունը» խորհրդանշող վիթխարի հուշարձանը: Ավելի քան 30 մետր բարձրություն և 1500 տ քաշ ունեցող անավարտ հուշարձանը պատվիրել էր Կարսի նախկին քաղաքապետը` հուսալով, որ Հայաստանի հետ հաշտեցումն ու սահմանների բացումը կնպաստեն նրա քաղաքի թույլ տնտեսության զարգացմանը: Հուշարձանը պատկերում էր մի մարդու, որը բաժանված էր երկու մասի և բարեկամության ձեռք էր մեկնում իր մյուս կեսին: Հուշարձանն անվանելով «տարօրինակ» և «այլանդակ»` վարչապետը կոչ արեց նոր քաղաքապետին մինչև իր հաջորդ այցելությունը քանդել 1.5 մլն դոլար արժողությամբ հուշարձանը:  

Կարսի հուշարձանն անվանելով արվեստի «այլանդակ» ստեղծագործություն` Էրդողանը քննադատության հզոր ալիք բարձրացրեց և առաջ բերեց իրադարձությունների մի շղթա, որոնք ծաղրի առարկա դարձրին նրան ամբողջ աշխարհում.
• Էրդողանի քաղաքական ընդդիմախոսները մեղադրեցին նրան քաղաքի ադրբեջանցի ընտրողներին քծնելու մեջ, որոնք կտրականապես դեմ են Հայաստանի հետ որևէ հաշտեցման: Նրանց կարծիքով հուշարձանը քանդելու վարչապետի հրամանը պայմանավորված էր ընտրական կոպիտ դրդապատճառներով և ոչ թե նրա գեղարվեստական ճաշակով:
• Թուրքիայի մշակույթի նախարարը փորձեց փրկության հասնել Էրդողանին` պնդելով, թե վարչապետն արձանի շրջակայքում գտնվող հյուղակներն է «այլանդակ» անվանել և ոչ թե հուշարձանը: Անդրդվելի մնալով` Էրդողանն անհարմար վիճակի մեջ գցեց իր նախարարին` նախատելով նրան և կրկնելով իր կողմից ավելի վաղ արված հայտարարությունը: Այնուհետև քիթը խոթեց փոխվարչապետ Բյուլենթ Առինչը` մաղթելով, որ «Աստված օգնական լինի իրեն, եթե հանկարծ ինքն էլ հայտնվի այնպիսի անհարմար իրավիճակում, ինչպես Մշակույթի նախարարը»:
• Նույնիսկ Թուրքիայի այնքան համբավավոր Ահմեդ Դավութօղլուն ներքաշվեց այս հարցի մեջ` ապարդյուն փորձելով պաշտպանել վարչապետին: Դավութօղլուն հայտարարեց, որ հուշարձանի հետ կապված իրական խնդիրն այն է, որ «չի հաջողվել արձանը համահունչ դարձնել Կարս քաղաքի սելջուկյան, օսմանյան և ռուսական դիմագծին»: Բրիտանական «The Economist» հանդեսն իր սուր ծաղրական արձագանքով մեղադրեց Դավութօղլուն քաղաքի «Հայկական ժառանգության» ոչնչացման մեջ` հավելելով, որ «երկար ժամանակ լքված 10-րդ դարի հայկական եկեղեցին վերջերս վերաբացվեց որպես մզկիթ»:
• Հուշարձանի հայտնի քանդակագործ Մեհմեդ Աքսոյը Էրդողանի հրամանը համեմատեց թալիբների կողմից Աֆղանստանում Բուդդայի հնագույն արձանների ոչնչացման հետ: Աքսոյը նախազգուշացրեց, որ հուշարձանը պայթեցնելու դեպքում Թուրքիայի վարկանիշն ահավոր կտուժի: Նա սպառնաց դատի տալ վարչապետին արվեստի իր ստեղծագործությունը վարկաբեկելու համար:
• Միջազգային լրատվամիջոցները խստորեն դատապարտեցին Էրդողանին` ծաղրելով նրա գեղարվեստական ճաշակն ու բացահայտելով նրա կոպիտ քաղաքական դրդապատճառները: «The Wall Street Journal»-ը, «The Economist»-ը, «Associated Press»-ը, «Radio Free Europe»-ը, «Reuters, BBC»-ն, «Washington Post»-ը, «Liberation»-ը և հարյուրավոր այլ լրատվական գործակալություններ քննադատեցին Էրդողանի կործանարար հրահանգը:
• Որոշ թուրք լրագրողներ կասկածի տակ առան Վարչապետի իրավունքն ու լիազորությունը մի հուշարձան հանելու կամ քանդելու առումով:
• Հայաստանի արտգործնախարարը վրդովված արձագանքեց Էրդողանի հայտարարությանը և խորհուրդ տվեց նրան երկկողմ հարաբերությունների կարգավորման համար նոր հիմքեր կառուցել` դրանք քանդելու փոխարեն: Մեկնաբանների մեծ մասը վարչապետի վիրավորական խոսքերը ներկայացրին որպես վերջին մեխ` խփված հայ-թուրքական չվավերացված Արձանագրությունների դագաղին:

Չպետք է զարմանալ, որ Ադրբեջանի խորհրդարանի անդամ Մուբարիզ Գուրբանլին իր հիացմունքն արտահայտեց «Հայաստան-Թուրքիա բարեկամության» հուշարձանը քանդելու Էրդողանի հրամանի առնչությամբ: Գուրբանլին ճիշտ էր` նշելով, որ «Կարիք չկա հուշարձան կանգնեցնել Հայաստանի հետ գոյություն չունեցող բարեկամության առթիվ»:

Իհարկե, հուշարձաններ ոչնչացնելը նորություն չէ ադրբեջանական և թուրքական իշխանությունների համար: Մի քանի տարի առաջ Ադրբեջանը հազարավոր հայկական պատմական խաչքարեր ոչնչացրեց Նախիջևանում գտնվող Ջուղայի գերեզմանոցում` ձգտելով մրցակցել թուրքական կառավարության հետ` հարյուրավոր հայկական եկեղեցիների և հուշարձանների զանգվածային ոչնչացման գործում` սկսած Հայոց ցեղասպանությունից: Իրոք, Էրդողանը պարզապես շարունակում է իր նախնիների դարավոր վատ ավանդույթը` հրամայելով քանդել Կարսի «բարեկամության» կոթողը:

Եթե Դավութօղլուն և Էրդողանը իսկապես անկեղծ են հայ-թուրքական բարեկամության աջակցության գործում, ապա նրանք պետք է անհապաղ քանդեն Իգդիրում 1997 թվականին կառուցված «ցեղասպանության» հրեշավոր հուշարձանը` բաղկացած դեպի երկինք ձգվող մոտ 40 մետրանոց հինգ սրերից` ձգտելով հավերժացնել այն մեծ սուտը, թե իբր հայերը սպանել են թուրքերին:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր
Թարգմ.` Ռ.Ավագյանի

No comments: