Tuesday, January 25, 2011

Սեպուհ Կալպակյան. Հայ համայնքը եւ լիբանացի ժողովուրդը սատարում է Սաադ Հարիրիին

News.am. 25-1-2011- Լիբանանի վարչապետի պաշտոնին այս պահին հավակնում են երկու անձինք. երկրի նախկին վարչապետ Սաադ Հարիրին եւ «Հըզբոլլահ»-ի ներկայացուցիչ, 2004-ին Լիբանանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նաջիբ Միքաթին. ընդ որում, հայ համայնքը եւ լիբանացի ժողովուրդը առավել համակրում է հենց Սաադ Հարիրիին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, «Մարտի 14» դաշինքը ներկայացնող Սոցիալ-դեմոկրտ Հնչակյան կուսակյցության անդամ Սեպուհ Կալպակյանը:
Նրա խոսքով, երեկ կեսօրվանից մեկնարկած եւ հունվարի 25-ի երեկոյան ավարտվելիք խորհրդակցություններում Լիբանանի խորհրդարանի պատգամավորները այդ երկրի նախագահին ներկայացնելու են վարչապետի երկու հավանական թեկնածուների անունները, որոնցից մեկն էլ, ստանալով նույն այդ պատգամավորների կողմից իրենց տրված առավելագույն ձայները, ի վերջո, ստանձնելու է վարչապետի պաշտոնը:
«Պատգամավորները խմբով կամ առանձին-առանձին խորհրդակցում են Լիբանանի նախագահի հետ, տալիս իրենց կողմից նախընտրելի թեկնածուի անունը եւ այն մեկը, ով կվաստակի 28 պատգամավորների մեծամասնության վստահության քվեն, կդառնա նորընտիր վարչապետ: Դրանից հետո նա իր հերթին խորհրդակցություններ կանցկացնի պատգամավորական խմբակցությունների հետ եւ ըստ այդ այդմ կձեւավորի նախարարների կաբինետը»,- բացատրեց Կալպակյանը:
Հարցին, թե թեկնածուներից ո՞ւմ է առավել համակրում տեղի հայ համայքը եւ ո՞ւմ է ցանկանում տեսնել նորընտիր վարչապետի պաշտոնում, Լիբանանի խորհրդարանի պատգամավորը պատասխանեց. «Վեց հայ պատգամավորներից երկուսը` ՀՅԴ ներկայացուցիչներ, սատարում են ընդդիմությանը, այսինքն` Նաջիբ Միքաթիին: Մենք` 4 հնչակյան պատգամավորներս, քվեարկելու ենք ի նպաստ Հարիրիի, քանի որ նա մեր դաշնակիցն է: Անգամ եթե Հարիրին, հնարավոր է, պարտվի ընտրություններում, միեւնույնն է, մենք ստիպված ենք քվեարկել նրա օգտին: Պարզապես «Հըզբոլլահը» գիտի է, որ հաղթելու է, այդ է պատճառը, որ ոչ մի բանից չի վախենում: Մենք իրավունք էլ չունենք, ոչ էլ կարող ենք խանգարել նրան, քանի որ ուժը գտնվում է հենց «Հըզբոլլահի» ձեռքում»,- նշեց Կալպակյանը:
Ամփոփելով` նա հավաստիացրեց, որ թեպետ երկրում վախի եւ սպասման մթնոլորտ է ձեւավորվել, սակայն բախումներ, ամենայն հավանականությամբ, չեն լինի:
Հիշեցնենք, որ Լիբանանի կառավարությունը հունվարի 12-ի երեկոյան հրաժարական է ներկայացրել։ Հրաժարական ներկայացրած 11 նախարարների թվում է նաեւ ՀՅԴ անդամ Աբրահամ Դեդեյանը, ով 2009 թվականի նոյեմբերից զբաղեցնում էր երկրի արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հըզբոլլահ» շարժումն իր դաշնակիցների հետ լքել է կառավարությունը` բողոքելով նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող Միջազգային դատարանի գործունեությունը քաղաքականացնելու դեմ: Քաղաքական ճգնաժամը երկրում ծագել է, երբ պարզ է դարձել, որ առաջիկայում Միջազգային դատարանը պատրաստվում է հրապարակել 2005 թվականին տեղի ունեցած սպանության հետաքննության արդյունքները` հիմնական մեղքը բարդելով հենց «Հըզբոլլահ»-ի անդամների վրա: Հիշեցնենք, որ սպանված Ռաֆիկ Հարիրին ներկա վարչապետի՝ Սաադ Հարիրիի հայրն է:

No comments: