Tuesday, January 25, 2011

«Human Rights Watch»-ը քննադատել է Հայաստանին

HayNews.am. 25-1-2011- Աշխարհում մարդու իրավունքների դրության երկուշաբթի օրը հրապարակված տարեկան զեկույցին կից ուղերձում «Human Rights Watch» կազմակերպության տնօրեն Քենեթ Ռոթը նշել է, որ «ճնշող վարչակարգերի հետ երկխոսության և համագործակցության արարողակարգը հաճախակի օգտագործվում է որպես մարդու իրավունքների վերաբերյալ անգործության արդարացում»:
«Human Rights Watch»-ի տարեկան զեկույցի համաձայն, Արևմուտքը, մասնավորապես Եվրոպական Միությունը, աշխարհի պետությունների կառավարությունների վրա բավարար ճնշում չի գործադրում` վերջիններիս կողմից մարդու իրավունքները պաշտպանելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու նպատակով:
«Ամերիկայի Ձայնը» հաղորդում է, որ կազմակերպության զեկույցի Հայաստանին նվիրված մասում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները դեռևս պետք է իրականացնեն Երևանում 2008 թվականի մարտին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում ոստիկանության կողմից չափազանց ուժ կիրառելու իմաստալից հետաքննություն:
Զեկույցում նշվում է նաև, որ 2008 թվականի մարտի իրադարձություններից հետո բանտարկության մեջ դեռևս գտնվում է ընդդիմությանն աջակցող տասներկու անձ, իսկ Հայաստանի ոստիկանությունում կալանքի տակ պահելու ընթացքում խոշտանգումներն ու վատ վերաբերմունքը լուրջ խնդիրներ են մնում:
«Human Rights Watch»-ի զեկույցի համաձայն, Հայաստանում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունները սպառնում են սահմանափակել լրատվամիջոցների բազմակարծությունը, իսկ երկրի իշխանությունները շարունակում են սահմանափակել հավաքների ազատությունը:
Իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցում նշվում է նաև, որ Հայաստանի միջազգային գործընկերները լիովին չեն կիրառում իրենց ունեցած ներգործության միջոցները` երկրում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի վրա ազդեցություն գործելու համար:

No comments: