Tuesday, January 25, 2011

«Դոմոդեդովոյի» ահաբեկչությունից տուժած հայերից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

News.am. 25-1-2011- Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում ահաբեկչական պայթյունից տուժած հայերից մեկը՝ 65-ամյա Գուրյան Վարդանի Խաչատուրովը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նա տեղափոխվել է թիվ 13 քաղաքային հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Գեւորգ Մինասյանը, հավելելով, որ ներկայումս ճշտվում է տուժած հայերի քաղաքացիությունը:
Նախնական տվյալներով, պայթյունից տուժած 4 հայերը Ռուսաստանի քաղաքացիներ են: Զոհերի ցուցակում հայկական ազգանուններ չկան, սակայն դեռ հստակեցված չէ 15 զոհերի ինքնությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ճշտված տվյալների համաձայն, «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում ահաբեկչական պայթյունից տուժածների շարքում կա 4 հայ:
Դա 42-ամյա Կարեն Միխայիլի Գալուստյանն է (ապրում է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանում, տեղափոխվել է թիվ 13 քաղաքային հիվանդանոց), 65-ամյա Գուրյան Վարդանի Խաչատուրովը (տեղափոխվել է թիվ 13 քաղաքային հիվանդանոց), 57-ամյա Յուրի Ալբերտի Վարդանովը ( տեղափոխվել է թիվ 71 քաղաքային հիվանդանոց) եւ 52-ամյա Պողոսբեկով Ա.Ա.-ն (տեղափոխվել է Վիշնեւսկիի անվան վիրաբուժական ինստիտուտ):
Տուժած հայերի քաղաքացիությունը ճշտվում է: Զոհերի թվում հայկական ազգանուններ չկան, սակայն դեռ ճշտված չէ նրանցից 9-ի ինքնությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել է NEWS.am-ը, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում, հունվարի 24-ին Երեւանի ժամանակով 17։ 40-ին պայթյուն է որոտացել։ Ներկա պահին հաղորդվում է 35 զոհի եւ 140 վիրավորի մասին։
Պայթյունի կապակցությամբ, քրեական գործ է հարուցվել «ահաբեկչություն» հոդվածով։ Պայթյունի տեղանքում տղամարդու գլուխ է հայտնաբերվել։ Իրավապահները ենթադրում են, որ այն պատկանել է պայթյունն իրականացրած մահապարտին, ով գտնվել է ժամանողներին դիմավորողների խմբում։ Պայթյունը համարժեք է եղել 7 կգ տրոտիլի, պայթուցիկում կտրող-ծակող մետաղական իրեր են եղել։

No comments: