Tuesday, January 18, 2011

Կիպրոսն ընդունել է, որ ղարաբաղյան հիմնախնդրում առաջինը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է. Ռուբեն Սաֆրաստյան

Tert.am. 18-1-2011- ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Սերժ Սարգսյանի՝ Կիպրոսում հնչեցրած ելույթին։
Ըստ Սաֆրաստյանի՝ առաջին անգամ երկկողմանի պաշտոնական փաստաթղթում կողմերը՝ Կիպրոսն ու Հայաստանն, արձանագրում են, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում ինքնորոշման իրավունքը պետք է ունենա պարտադիր ուժ։ Սա, ըստ Սաֆրաստյանի, շատ կարևոր է։ Թուրքագետի խոսքով՝ մոտ ապագայում մեր դիվանագիտությունը պետք է աշխատի այս ուղղությամբ՝ փորձելով այլ երկրների հետ համատեղ փաստաղթերում ևս արտացոլել այս ձևակերպումը։
«Ղարաբաղայան հակամարտության գործընթացում ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պետք է ունենա գերակշռող նշանակություն»,– ընդգծեց նա։
Ռուբեն Սաֆրաստյանը կարևորում է այն, որ չնայած Կիպրոսն ունի իր խնդիրը, որը ձգտում է լուծել տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, սակայն ընդունել է, որ ղարաբաղյան հիմնախնդրում առաջինը ժողովուրդների ինքնորոշման իրավունքն է։
Թուրքագետը արձանագրում է՝ Հայաստանի ղեկավարի պաշտոնական ելույթում հնչեցին այնպիսի գնահատականներ, որոնք շատ լուրջ են, հիմնավորված և վերաբերում են Թուրքիայի՝ Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ վարած քաղաքականությանը։
«Առաջին անգամ մեր երկրի ղեկավարը Թուրքիայի քաղաքականությունը բնութագրում է որպես շանտաժի վերածված քաղաքականություն։ Սա շատ լուրջ մեղադրանք է»,– ընդգծեց Սաֆրաստյանը՝ հավելելով, որ Թուրքիայի կողմից շանտաժներ միշտ էլ հնչել են, սակայն այդ մասին հայկական կողմը երկրի ղեկավարի մակարդակով չէր բարձրաձայնել։
Սաֆրաստյանը կարևորում է նաև Սերժ Սարգսյանի հայտարարության այն հատվածը, որ Հայաստանն իրավունք ունի Ցեղասպանության ճանաչման հարցը Թուրքիայի հետ հարաբերություններում որպես նախապայման կիրառել։ Սակայն բարի կամք դրսևորելով՝ հայկական կողմը չի դիմել այդ քայլին։
«Այսպիսով, շարունակվում է այն քաղաքական գիծը, որը նշմարվում էր դեռ նախորդ տարի։ Մենք տեսանք, որ մեր դիվանագիտությունը ակտիվ ջանքեր է գործադրում մի կողմից ղարաբաղյան հարցում առաջ մղելով ազգերի ինքնորոշման իրավունքը, մյուս կողմից Թուրքիայի հետ հարաբերություններում առաջ քաշելով մեր շահերը»,– ընդգծեց բանախոսը։
Սաֆրաստյանը չի կարծում, որ Սերժ Սարգսյանի կոշտ ելույթի արդյունքում հայ–թուրքական գործընթացը փակուղի կմտնի։ «Այդ դիվանագիտությունը վաղուց էր մտել փակուղի։ Դեռ նախորդ տարի էր արձանագրվել, որ այս գործընթացը գոյություն չունի։ Հայաստանը նախընտրել էր Թուրքիայի հետ երկխոսությունը, և ոչ թե նախապայմանները»,– ասաց նա։

No comments: