Tuesday, January 18, 2011

"Սեւրի պայմանագիր եւ Հրանտ Դինք"

Report.am. 18-1-2011- Հունվարի 19-ին, ժամը 14:00-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա "Սեւրի պայմանագիրը եւ Հրանտ Դինք" խորագրով միջոցառում: Ելույթներով հանդես կգան ՀՀ անվտանգության գծով նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, ՀՀ ՊՆ փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանը, գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանը, գրականագետ Վարդան Դեւրիկյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Կարապետյանը, ՄՀՆՋ հրամանատար, գնդապետ Գրիգորի Սարգսյանը: Միջոցառմանը կմասնակցի Ավետիս Ահարոնյանի ժառանգներից /Դեթրոյթ/ ԳԱԱ ակադեմիկոս Հրայր Ահարոնյանը: Հյուրեր կլինեն դեսպանատներից, Սփյուռքի հայկական համայնքներից: "Ավետիս Ահարոնյան" առաջին աստիճանի ոսկե մեդալ կշնորհվի հինգ հայ գործիչների:
Միջոցառման ժամանակ կցուցադրվի "1.500.000+1. Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ" հասարակական կազմակերպության նախագահ Արման Ավետիսյանի հեղինակած 4 րոպեանոց տեսանյութ` նվիրված Հ.Դինքի հիշատակին:
Գրադարանի ցուցափեղկերում կներկայացվեն Հրանտ Դինքին նվիրված` հայաստանյան եւ սփյուռքի մամուլում հրատարակված հոդվածներ, լուսանկարներ, փաստաթղթեր, գրքեր: Ուշագրավ են Հրանտ Դինքի "Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւաններ", Սոնա Արշունեցու "Ով է սպանել Հրանտ Դինքին" գրքերը, Դինքին նվիրված բանաստեղծությունները:
Ի դեպ, նույն օրը, նույն ժամին Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի կունենա ցույց` "Թուրքիա, դեմ հանդիման կանգնիր քո պատմությանը, հարգիր փոքրամասնության իրավունքները" մակագրությամբ ցուցապաստառներով, իսկ Անգլիայի լորդերի պալատում տեղի կունենա միջոցառում, որտեղ "Իրականում ինչ է կատարվում Թուրքիայում" թեմայի մասին կխոսի թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօղլին:
Հրանտ Դինքը ծնվել է 1954թ. սեպտեմբերի 15-ին: Նշանավոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերենով եւ թուրքերենով տպագրվող թերթի` "Ակոսի" գլխավոր խմբագիրը, Թուրքիայի երեւելի մտավորականերից մեկը, որը հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:
Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, "Ակոսի" խմբագրատան առաջ ։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամասթին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։
2007թ հունիսին ՀՀ նախագահի մրցանակ է հետմահու շնորհվել է Հրանտ Դինքին: Ըստ ՀՀ նախագահի "առաջին անգամն է, որ նախագահի մրցանակը հանձնվում է հետմահու: Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Մենք միշտ կհիշենք նրան, եւ մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել":
Պատմական արդարության վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խոսքի ազատության եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհված նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը` Ռաքել Դինքը, դուստրը` Դելաուա Դինքը եւ եղբայրը` Երվանդ Դինքը: Մրցանակը հանձնվել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, որը հայտարարել է. "Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ եւ պատվավոր, եւ տխուր է ընտանիքի համար: Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ: Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը՝ փոքր կղզիներ են":
Տեղեկացնում են Ազգային գրադարանի հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժնից։

No comments: