Tuesday, January 18, 2011

Հայերը դիմել են Google-ին՝ Անդրոիդ համակարգում հայերենը ներառելու համար

News.am. 18-1-2011- Աշխարհում հեռախոսների համար օգտագործվող մեծ տարածում գտած օպերացիոն համակարգը՝ Անդրոիդը, չի ճանաչում հայերեն տառերը: Սակայն ընդամենը վերջերս Բաց Հասարակության Ինստիտուտը Անդրոիդ, Վինդոուզ Մոբայլ եւ Սիմբիան շարժական օպերացիոն համակարգերը հայաֆիկացնելու համար դրամաշնորհ տրամադրելու հայտարարություն էր տարածել: Մրցույթի արդյունքում ստեղծվել էին այդ, ինչպես նաև Maemo և MeeGo համակարգերի, տառատեսակներին համահունչ հայերեն տառեր:
Սակայն, եթե ազատ Մաեմո եւ ՄիԳո համակարգերում այն սկսել է պաշտոնապես ներառվել, իսկ Վինդոուզ Մոբայլ եւ Սիմբիան համակարգերի վրա հայկական տառատեսակները հեշտորեն տեղադրվում եւ առանց որեւէ խնդրի աշխատում են, ապա Անդրոիդի դեպքում անհրաժեշտ է սկզբում կատարել սովորական օգտագործողների համար բավականին բարդ «ռութինգի» գործընթաց:
Բջջային հաղորդակների հայաֆիկացման ծրագրի ղեկավար Ալեքսեյ Չալաբյանը, ով համակարգել է հայաֆիկացնելու համար հայկական տառերի ստեղծման աշխատանքը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «ռութինգի»-ի դեպքում, հեռախոսը երաշխիքից եւ պաշտոնական ծրագրային թարմացումներ ստանալու հնարավորությունից զրկվում է։ Փաստորեն, ստացվում է այնպես, որ հայերեն լեզվի ավելացումը լուծելով մեկ խնդիր ստեղծում է նոր խնդիրներ, իսկ հայերեն ունենալու համար նման խնդիրների առջեւ կանգել ոչ բոլորը կցանկանան:
Ա. Չալաբյանի խոսքով՝ իրենք աշխատանքային խումբն արդեն պաշտոնական առաջարկ է ուղարկել Google-ին, որպեսզի Անդրոիդը արտադրվելիս իր մեջ արդեն ներառի պատրաստված հայերենով հագեցած տառատեսակներ, ինչը հնարավորություն կտա խուսափել տեխնիական բոլոր խնդիրներից եւ տուփից նոր հեռախոսը հանելով, անմիջապես հնարավոր լինի օգտվել հայերեն մենյուից:

No comments: