Tuesday, January 11, 2011

Ի տարբերություն Եվա Ռիվասի, Էմմին պատրաստ չէ կիսամերկ նկարվել տղամարդկանց MAXIM ամսագրում

News.am. 11-1-2011- Հունվարի 16-ին եւ 17-ին կամփոփվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հայտարարած երգի մրցույթը, որտեղ հաղթած երգով էլ «Եվրատեսիլ-2011»-ում հանդես կգա Հայաստանի մասնակիցը` երգչուհի Էմմին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էմմին ասաց, որ արդեն ստացվել է ավելի քան 30 երգերի հայտ` Շվեցարիայից, Գերմանիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից:
«Հունվարի 16-17-ին կփորձենք հասկանալ, արդյոք կա՞ այդ երգերի մեջ այն երգը, կամ այն երգերը, որոնցից կարող ենք ընտրություն կատարել եւ դրանով էլ ներկայացնել Հայաստանը Գերմանիայում»,-ասաց երգչուհին;
Ներկայացված հայտերից կընտրվեն ու կձայանգրվեն նվազագույնը 4-5 երգ, որոնք էլ կներկայացվեն հանդիսատեսի դատին: Իսկ հանդիսատեսն էլ քվեարկության միջոցով կորոշի, թե այդ երգերից ո՞րը Էմմին կներկայացնի Գերմանիաում:
Ի դեպ, Էմմին մասնակից այլ երկրների երգիչների շարքում դեռեւս իրեն մրցակից չի տեսնում. «Արդեն հայտնի դարձած երկրներից ոչ մեկին ես չեմ համարում ինձ մրցակից: Չեմ ուզում ինքնասիրահարվածի տպավորություն թողնել, բայց ընտրված երկրներից ոչ մեկը չի կարող մեր երկրին մրցակից լինել»,-նշեց «Եվրատեսիլ 2011»-ի մասնակիցը:
Հարցին, թե անցած տարի «Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացրած երգչուհի Եվա Ռիվասի պես նա ե՞ւս Maxim տղամարդկանց ռուսական ամսագրից կիսամերկ ֆոտոսեսիա անելու առաջարկ ստացել է, Էմմին փոքր ինչ վրդովված պատասխանեց. «Եվա Ռիվասը պատրաստ է այդ ամեն ինչն անելու: Դա տեսանք նրա քայլերից էլ, թե ինչպես նա հասավ ամեն ինչին եւ ինչպես են մարդիկ հասնում այդպիսի բաներին: Կարծում եմ արդեն հարցը սխալ էր դրված, ինձ պետք չէր այդ հարցը տալ, ես պատրաստ չեմ դրան եւ չեմ կարծում, որ այդ հարցի շուրջ կարելի է ինձ հետ խոսել»:
Հիշեցնենք, որ երգի հայտերի ընդունումը մեկնարկել էր դեկետմբերի 16-ից եւ կավարտվի հունվարի 15-ին:

No comments: