Monday, January 24, 2011

«Pia.az». Ադրբեջանում կրոնական կառույցների մեծամասնությունը կփակվի

Panorama.am. 24-1-2011- Այս օրերին Ադրբեջանի նախագահի աշխատակազմում տեղի ունեցած փակ հավաքում կրոնական կազմակերպություններին նվիրված լուրջ հարցեր են քննարկվել:
Ըստ «Pia.az»-ի` դա կապված է այն բանի հետ, որ վերջին օրերին Ադրբեջանում արհեստականորեն «կրոնական ճնաժամի» մթնոլորտ է ստեղծվում, ինչում խիստ հետաքրքրված է նախագահի աշխատակազմը: Հենց այդ պատճառով էլ փակ հավաքում նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը ձերբակալված Իսլամական կուսակցության գործիչների հետ կապված հարցին զուգահեռ` հատուկ կերպով ընդգծել է այլ կրոնական կառույցների վտանգավորության մասին:
Հավաքում նշվել է, որ վերջին շրջանում մի շարք կրոնական միություններ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել քաղաքական գործընթացների նկատմամբ, ինչը ոչ մի լավ բան չի խոստանում: Հավաքում որոշվել է Իսլամական կուսակցության հետ զուգահեռ հսկողության տակ առնել նաև մյուս կրոնական մոտիվներով քաղաքական ուժերին և կարճ ժամանակում վերջ դնել վահհաբիստական, լուսավորչական աղանդների, «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությանը: Դրա հետ կապված` նկատի է առնվել փակել ևս մի քանի մզկիթներ և թույլատրել միայն ավանդական սունի և շիա կրոնական ուղղությունների գործունեությունը:
Տեղեկացված աղբյուրի խոսքով, հավաքում քննադատության է ենթարկվել Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության գործունեությունը:

No comments: