Tuesday, February 15, 2011

«168 ժամ». Ղարաբաղի շուրջ իրավիճակն ավելի վտանգավոր է, քան նախորդ տարիներին. Թոմ դը Վաալ

Թերթը հարցազրույց է հրապարակել Կարնեգի հիմնադրամի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրի ավագ հետազոտող Թոմաս դը Վաալի հետ: Ստորև ներկայացված է մի հատված այդ հարցազրույցից:

-Հայաստանի վերլուծական կենտրոններից մեկը նախորդ տարվա արդյունքներին նվիրված իր ամենամյա զեկույցում նշել է, որ 2010թ. դարաբաղյան գործընթացը մտել է անորոշության, անկանխատեսելիության և վտանգների փուլ։ Դուք համամի՞տ եք այդ ձևակերպմանը։
- Իսկապես, այսօր Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն ավելի վտանգավոր է, քան նախորդ տարիներին։ Շատ դիտորդների մոտ տպավորություն է ստեղծվել, որ ԵԱՀԿ Մինսկի գործընթացն իրեն սպառել է։ Անձամբ ես վստահ եմ, որ Մադրիդյան սկզբունքները հակամարտության լուծման գրեթե միակ հնարավոր, լավ փոխզիջումային տարբերակն են։ Բայց քանի որ նախագահները դանդաղում են և չեն կարողանում համաձայնության գալ, տրամաբանական հարց է առաջանում՝ կարո՞ղ են արդյոք համանախագահներն առաջարկել որևէ նոր բան։

-2009թ. համեմատ, երբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպեցին 6 անգամ, նախորդ տարի կայացավ ընդամենը 3 հանդիպում երկու երկրների առաջնորդների մակարդակով։ Այդ հանգամանքը վկայո՞ւմ է արդյոք բանակցային գործընթացի ակտիվության նվազման մասին։
-Այն հանգամանքը, որ նախորդ տարվա ընթացքում երկու երկրների ղեկավարներն անցկացրել են ընդամենը երեք հանդիպում, վկայում Է այն մասին, որ երկու նախագահների միջև նվազել է վստահության մակարդակը։ Դա տեղի է ունեցել նաև հայ-թուրքական գործընթացի հետևանքով, քանի որ նախագահ Սարգսյանն այդ գործընթացի վրա ծախսեց քաղաքական մեծ կապիտալ, և ոչ մի արդյունք չարձանագրվեց։ Նախագահները գրեթե փակուղում են հայտնվել։ Ես նրանց վիճակը բնութագրում եմ որպես «որոգայթ», որը հենց իրենք են լարել։ Նրանք այնքան հաճախ են իրենց ժողովուրդներին հրապարակայնորեն խոստացել լիակատար հաղթանակ դարաբաղյան խնդրում և այնքան հաճախ են ղարաբաղյան քարտն օգտագործել որպես գործիք իրենց սեփական լեգիտիմացման համար, որ հիմա, եթե նույնիսկ մի կողմը ցանկանա ստորագրել նորմալ, ողջամիտ համաձայնագիր մյուս կողմի հետ, դա արդեն գրեթե անհնարին կլինի ներքին քաղաքական դրդապատճառներից ելնելով։
-Հաշվի առնելով, որ անցյալ տարի Սարգսյասի և Ալիևի բոլոր երեք հանդիպումներն անցել են Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ, կարելի՞ է ասել, որ բանակցություններում Մոսկվան վերջնականապես հաստատվել է գլխավոր միջնորդի դերում, ընդ որում, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համաձայնությամբ։
-Կարելի է այդպես ասել։ Դա ունի իր տրամաբանությունը։ Ռուսաստանը միակ երկիրն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք գերտերություններից, որը Հարավային Կովկասի թե հարևանն է, թե նրա ճակատագրով խորապես հետաքրքրված երկիրը։ Կարծում եմ՝ նախագահ Մեդվեդևը ևս հնարավորություն է տեսել շահելու հաջողակ խաղաղապահի դափնեպսակը։ Սակայն նա թերագնահատել է խնդրի բարդությունը։ Պետք է նշել, որ ռուսական կողմը շատ կոռեկտ է վարվել իր գործընկերների նկատմամբ։ Ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները հրավիրվել են բոլոր երեք հանդիպումներին։ Սակայն մենք տեսնեւմ ենք արդյունքները. այդ հարցում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները չեն զիջի ոչ մի ճնշման դեպքում, նույնիսկ Մոսկվայի կողմից։

-2010 թվականը նշանավորվեց շփման գծում բռնության աննախադեպ աճով և հրադադարի ռեժիմի խախտումների քանակով։ Կարո՞ղ է արդյոք այդ հանգամանքը հանգեցնել նոր զինված հակամարտության բռնկման։
-Կարելի է ասել, որ նախորդ տարի ռուսաստանյան դիվանագիտության ամենամեծ հաջողությունը եղել է կողմերի միջև ձեռք բերված Աստրախանի պայմանավորվածությունը՝ ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման վերաբերյալ։ Աստրախանի հանդիպումից հետո շփման գծում բռնության ցուցանիշը նվազեց։ Սակայն մտավախություն ունեմ, որ գարնանը մենք կարող ենք տեսնել բռնության նոր փուլ։ Կարծում եմ, որ լայնածավալ պատերազմի ռիսկը, բարեբախտաբար, դեռևս ցածր է։ Սակայն միշտ գոյություն ունի ռիսկ, որ շփման գծում կարող է տեղի ունենալ մի ողբերգական միջադեպ, որի արդյունքում կզոհվեն շատ զինվորներ, և որը կհանգեցնի խաղաղ գործընթացի փաստացի տապալմանը։

No comments: