Tuesday, February 1, 2011

Թուրքիայի առաջնորդները հաստատեցին, որ թուրքական քաղաքական էլիտան շարժվում է 1915թ. մտածողությամբ. Նաիրա Զոհրաբյան

Tert.am. 1-2-2011- ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ուղղած հարցերին տված պատասխանները պատգամավորին համոզել են, որ Թուրքիայում մտածելակերպը չի փոխվել։
«Ըստ էության, Թուրքիայի քաղաքական առաջնորդները հաստատեցին այն, որ Թուրքիայի քաղաքական էլիտայի մտածողության փոփոխություն տեղի չի ունեցել։ Սրանք առաջնորդվում են նույն մենթալիտետով, ինչով առաջնորդվում էին 1915թ. և, ըստ էության, մենք գործ ունենք մի երկրի հետ, որը պատրաստ չէ առաջնորդվել ժողովրդավարական արժեքներով, պատրաստ չէ ունենալ քաջություն՝ նայելու պատմական փաստերին և իրողություններին»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
Ինչպես հայտնի է, Վեհաժողովի աշխատանքների օրերին նա մեկական հարցեր էր ուղղել Աբդուլլահ Գյուլին և Ահմեթ Դավութօղլուին։ Թուրքիայի արտգործնախարարին Զոհրաբյանը հարցրել էր, թե արդյո՞ք Ադրբեջանի ակնհայտ ճնշմամբ հայ–թուրքական գործընթացը փակուղի մտցրած Թուրքիան այսօր էլ մի երրորդ երկրի ճնշմամբ չի անի ԵԽԽՎ արժեքներին հակասող քայլ։
«Դավութօղլուի պատասխանը լայն և ընդգրկուն էր, որն ուղղակիորեն իմ հարցին այնքան էլ չէր առնչվում։ Նա խուսափեց խոսելու Ադրբեջանի ուղղակի ճնշման իմ ձևակերպման մասին, բայց իր պատասխանն ուղղակիորեն և, ըստ էության, հաստատեց այն, ինչ ես ձևակերպել էի իմ հարցադրման մեջ։ Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին՝ Դավութօղլուն ուղղակիորեն հաստատեց, որ, այո, հայ–թուրքական հարաբերությունները Թուրքիան կապում է հայ–ադրբեջանական հարաբերությունների և ԼՂ հիմնախնդրի հետ»,– լրագրողներին ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Զոհրաբյանը հարցրել էր, թե արդյո՞ք Թուրքիան չի պատրաստվում այսօր ընդունել Հայոց ցեղասպանության փաստն ու ազատվել պատմության բեռից, ինչին ի պատասխան, պատգամավորի ներկայացմամբ, Թուրքիայի նախագահը պատասխանել էր՝ «Ինձ համար անընդունելի է Ցեղասպանություն եզրույթը» և առաջարկել հատուկ հանձնաժողով ստեղծել, բացել բոլոր արխիվները՝ ասելով, որ Թուրքիան կընդունի տվյալ հանձնաժողովի ցանկացած արդյունք։ Պատգամավորի խոսքով՝ Թուրքիայի նախագահը համաձայնել է տվյալ հանձնաժողովում ընդգրկել նաև մի երրորդ երկրի, որը նույնպես համոզված է, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն։
«Գյուլը ևս հայ–թուրքական հարաբերություններն ուղղակիորեն աղերսեց հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ»,– նշեց ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը։ Այս ամենից հետո, պատգամավորը կարծում է, գործընթացները հանգեցնում են այն բանի, որ Հայաստանը ստիպված լինի հայ–թուրքական Արձանագրություններից իր ստորագրությունները ետ կանչել։

No comments: