«Լրագիր» 9-2-2011- Ռոբերտ Քոչարյանի հերթական ակտիվացումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, քննարկվել են երկկողմ գործակցության հարցեր: Անկասկած է, որ հեռախոսազրույցը Սերժ Սարգսյանի պատասխանն է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին եւ դրանից առաջ Ռեգնում գործակալության հաղորդած այն տեղեկատվությանը, թե Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ազդեցիկ քաղաքական շրջանակների հետ:Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը կամ փորձել է ցույց տալ, որ իրականում ինքը Ռուսաստանի հետ խնդիր չունի, կամ էլ փորձել է Մեդվեդեւից պարզել, թե Ռուսաստանն իր հետ ինչ խնդիրներ ունի, որ այդպիսի ընդունելության է արժանացնում Քոչարյանին, եթե իհարկե այդ ընդունելությունների մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը եւ այդ հանդիպումներում քննարկվում են քաղաքական խնդիրներ:
Հարցն այն է, թե արդյոք Մեդվեդեւն ինչ կարող է պատասխանել կամ ասել այդ առումով Սերժ Սարգսյանին: Չէ որ Ռուսաստանում Մեդվեդեւն ինքը կարծես թե չի կարողանում ամբողջապես գլուխ հանել իրավիճակից եւ տիրապետել դրան: Այնտեղ շարունակվում է իշխանության համար պայքարը նրա եւ Պուտինի միջեւ: Մեդվեդեւը որեւէ կերպ չի կարողանում դե յուրե նախագահ լինելուց զատ դառնալ նաեւ դե ֆակտո նախագահ: Նա հռչակում է արդիականացման կուրս, մինչդեռ Ռուսաստանում իշխանության վարքը շարունակում է մնալ «պուտինականության» շրջանակում:
Կամ Մեդվեդեւն ու Պուտինը պարզապես փորձում են այդպիսով խաղարկել Արեւմուտքին, կամ էլ իսկապես կա ներիշխանական լուրջ պայքար: Եթե խոսքը Արեւմուտքին խաղարկելու մասին է, ապա ակնհայտ է նաեւ, որ Քոչարյանին շոյելով Ռուսաստանը խաղարկում է նաեւ Սերժ Սարգսյանին: Իսկ եթե խոսքը Պուտին-Մեդվեդեւ իրական մրցակցության մասին է, ապա կարող է պատահել, որ նրանց այդ մրցակցությունը տարածվում է նաեւ Հայաստանի վրա, եւ Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին է համարում իր «խաղընկեր», իսկ Պուտինը` Ռոբերտ Քոչարյանին:
Սակայն չի բացառվում նաեւ, որ այդ ամենը չափազանցված է, եւ Քոչարյանը Ռուսաստանում լուծում է ոչ թե իր քաղաքական, այլ առավելապես բիզնես հարցերը: Իհարկե, դա նշանակում է նաեւ առնչություն քաղաքականության հետ, սակայն ամենեւին ոչ վերադարձի հեռանկարով կամ թեմայով:
Բայց այն, որ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին պատասխանում է Կրեմլի հետ հեռախոսազանգով, վկայում է, որ Սարգսյանին այդ ուղղությամբ ինչ որ բան այդուհանդերձ մտահոգում է: Իսկ մյուս կողմից, Սերժ Սարգսյանը կարող էր ունենալ Կրեմլի հետ խոսելու այլ պատճառներ եւս, անկախ Քոչարյանից: Ի վերջո, նա օրերս հանդիպել է Հիլարի Քլինթոնի հետ, եւ «արարողակարգը» պահանջում է պահել հավասարակշռությունը եւ «հիշել» Ռուսաստանին: Ռուսաստանին «հիշելու» առիթ է նաեւ այն, որ WikiLeaks-ն է հերթական անգամ Հայաստանին հիշել:
Իհարկե, հնարավոր է նաեւ տարբերակ, որ այդ ամենը ոչ թե Քոչարյանի խնդրից զատ այլ ուղղություն է, այլ այդ խնդրի հետ միահյուսված իրադարձությունների փոխկապակցված զարգացում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment