Saturday, February 12, 2011

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՍՐՎՈՒՄ ԵՆ ԿԻՊՐՈՍԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ

Անկարան յուղ է լցնում կրակին
«ԱԶԳ» , 12-02-2011- Որքան էլ Թուրքիան անդամակցության բանակցություններ վարի Եվրոմիության հետ, չի ճանաչում եվրոպական այս կառույցի անդամ Կիպրոսի Հանրապետությանը: 1983-ի նոյեմբերի 15-ին հռչակված ինքնակոչ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանն» էլ աշխարհը չի ճանաչում, բացառությամբՙ Թուրքիայի: Թերեւս այդ պատճառով է, որ թուրքական դեսպանատունը տեղակայված է Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի թուրքական հատվածում, որտեղ կիպրացի թուրքերը ցուցաբերած տնտեսական օգնությունը չարաշահելու, կիպրական հիմնահարցի կարգավորումը չկարգավորվածությամբ պայմանավորելու, ինչպես նաեւ կղզու հյուսիսային հատվածը Անատոլիայից փոխադրված թուրքերով վերաբնակեցնելու հանգամանքից ելնելով ընդվզել էին վարչապետ Էրդողանի որդեգրած քաղաքականության դեմ:
Այս ամենին հետեւել են փոխադարձ վիրավորանքները: Դրանք լարվածություն են առաջացրել Կիպրոսի թուրքական հատվածի եւ Թուքիայի միջեւ: Թուրքիայի եւ Կիպրոսում տեղակայված թուրքական զորքերի նկատմամբ կիպրացի թուրքերի անվստահությունը համատարած բնույթ է ստացել, անվստահության պայմաններում սրվել են նրանց հարաբերությունները Անատոլիայից Կիպրոս փոխադրված թուրք վերաբնակների հետ, որն, ըստ ամենայնի, հանգեցնում է Թուրքիա-«Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն» հարաբերությունների սրմանը:
Թերեւս այդ առումով պատահական չէ, որ այս հարցը քննարկման առարկա է դառնում Եվրոմիության մայրաքաղաք Բրյուսելում: Մինչ Եվրոխորհրդարանի կիպրացի ներկայացուցիչ Տակիս Հաջիգեորգիուն հարցի առնչությամբ դիմում է ներկայացնում Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին եւ ԵՄ-ի ընդլայնման գծով հանձնակատար Ստեֆան Ֆյուլեին, Եվրոմիության դիտորդները հետեւություն են անում, թե Հյուսիսային Կիպրոսի եւ Թուրքիայի միջեւ առաջացած լարվածությունը չի բխում թուրքական կողմի շահերից, ոչ էլ նպաստում է հիմնահարցի կարգավորման գործընթացին:
Այդ ընթացքում հրապարակվում է Եվրոխորհրդարանի Թուրքիայի մասին զեկույցի նախագիծը, որտեղ, ինչպես երեկ նշել է «Եվրոնյուզի» թուրքերեն տարբերակը, Թուրքիային մինչեւ օրս ներկայացվող «Կիպրոսից զորքերն անհապաղ դուրս բերելու եւ Կիպրոսի հիմնահարցի համապարփակ լուծմանը նպաստելու» պահանջները համադրվում են նոր պահանջով. «Խուսափել կղզին Թուրքիայի քաղաքացիներով վերաբնակեցնելու գայթակղությունից եւ լուծում գտնել թուրք վերաբնակների հարցին»: Ենթադրվում է, որ այս զեկույցը մարտի 8-ին քվեարկության կդրվի Եվրոխորհրդարանում: Այլ կերպՙ Թուրքիա-Հյուսիսային Կիպրոս լարվածությունը հետզհետե մտնում է Եվրոխորհրդարանի եւ ԵՄ-ի օրակարգ, իսկ դա նշանակում է, որ դա ձեռք է բերում միջազգային հնչեղություն:
«Ազգի» նախորդ համարում, անդրադառնալով լարվածության հանգամանքին, մատնացույց էինք արել այն ցուցապաստառները, որոնցով կիպրացի թուրքերը հայհոյում եւ անարգում էին ինչպես Թուրքիային, այնպես էլ թուրքական զորքերին: Թվում էր, թե կիպրացի թուրքերի հետ առաջացած լարվածությունը մեղմելու համար վարչապետ Էրդողանի կառավարությունը ձեռնամուխ կլինի «սիրտ շահելու» միջոցառումներին, մանավանդ որ լարվածության հարցը սկսել է քննարկվել Բրյուսելում:
Սակայն փետրվարի 10-ին նա պաշտոնից ազատեց դեռեւս օգոստոսինՙ 6 ամիս առաջ Նիկոսիայի թուրքական հատվածում նշանակված դեսպանինՙ Քայա Թուրքմենին եւ նրան Թուրքիայի Հանրապետության օժանդակության հանձնաժողովի նախագահ Հալիլ Իբրահիմ Աքչայով փոխարինելու պատրաստակամություն հայտնեց: Թերեւս դրանով էլ թուրքական կառավարությունը նոր մարտահրավեր նետեց Հյուսիսային Կիպրոսին:
Ի՞նչ առումով, այն, որ Աքչան Կիպրոսի թուրքական հատվածում ոչ միայն վարկաբեկված է, այլեւ հակակրանք է առաջացնում: Ավելինՙ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ինքնակոչ նախագահ Էրօղլուն ժամանակին դիմում էր ներկայացրել Անկարա, որ Աքչային ազատեն հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից:
Աքչային Նիկոսիայի թուրքական հատվածում դեսպան նշանակելու Անկարայի պատրաստակամությունը բուռն հակազդեցություն է առաջացրել Հյուսիսային Կիպրոսում: Երեկվա համարում կիպրացի թուրքերի «Ենի դուզեն» թերթն այս փաստը համարել է ցնցող եւ տեղեկացրել է փաստի առնչությամբ Արհեստակցական միությունների պլատֆորմի հրավիրած արտակարգ նիստի մասին: Այդ ընթացքում պետական ծառայողների արհմիությունների գլխավոր նախագահ Մեհմեդ Օզքարդաշն ասել է. «Հալիլ Իբրահիմ Աքչան ատելությամբ է լցված կիպրացի թուրքերի նկատմամբ եւ նրանց վիրավորելու ոչ մի առիթ բացի չի թողնում: Ուստի նա «անցանկալի անձ» է Հյուսիսային Կիպրոսում: Մինչ մենք սպասում էինք, որ վարչապետ Էրդողանը մեզ «ձրիակեր», «ապերախտ» անվանելու կամ. «Դուք ո՞վ եք, որ ընդվզում եք, ե՛ւ մեր հացն եք ուտում, ե՛ւ հայհոյում, բայց պատասխան եք տալու» արտահայտության համար ներողություն կխնդրի, հանկարծ Նիկոսիայում դեսպան է նշանակում Հյուսիսային Կիպրոսում «անցանկալի անձ» հայտարարված մեկին: Թող նա փորձության չենթարկի կիպրացի թուրքերի համբերությունը: Մենք որեւէ մեկի առջեւ խոնարհվելու որեւէ մտադրություն չունենք»:
Օզքարդաշին պաշտպանել են մյուս 10 արհմիությունների ղեկավարները, տարածելով հաղորդագրություն, որտեղ ընդգծվում է, որ Աքչայի պես մեկին դեսպան նշանակելով, Էրդողանի կառավարությունը ոչ միայն իր ատելությունն է արտահայտում կիպրացի թուրքերի նկատմամբ, այլեւ սաստելու փորձ է անում: Ակնկալում ենք, որ նախագահ Էրօղլուն, որը մինչ այդ Աքչային պաշտոնից ազատելու պահանջով դիմել էր Անկարա, նշանակվելու դեպքում չի ընդունի այս դեսպանի հավատարմագիրը»:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: