Saturday, February 5, 2011

Սփյուռքը չպետք է հոգնած ու հնացած կուսակցական վեճերը բերի Հայաստանի խորհրդարան. սփյուռքահայ գործարարներ

Tert.am. 4-2-2011- Սփյուռքահայ գործարարներ Վահագն Հովնանյանը և Վահան Չանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ողջունեցին Հայաստանի խորհրդարանը երկպալատ դարձնելու ՀՀ իշխանությունների նախաձեռնությունը, ըստ որի՝ խորհրդարանում ներկայացված կլինեն նաև սփյուռքահայերը։
Ըստ նրանց՝ Սփյուռքը պետք է ներգրավված լինի Հայաստանի ներքին գործընթացներին, մասնակցի խնդիրների լուծմանը։
«Ամերիկացիները լավ խոսք ունեն՝ Սատանան մանրամասնությունների մեջ է։ Մենք պետք է հասկականանք, որ հայրենիքը միայն Հայաստանի քաղաքացունը չէ, հայրենիքը համայն հայությանն է»,- ընդգծեց Վահան Չանոյանը։
Ըստ նրա՝ եթե դա ընկալվի որպես մեկ մարմին, որը կամրապնդի հայրենիքի և Սփյուռքի կապերը, կբարձրացնի և լուծում կտա առկա խնդիրներին, ապա գաղափարը հոյակապ կարելի է համարել։
Չանոյանի խոսքով՝ պետք է հստակեցնել նաև, թե Սփյուռքի որ կուսակցությունների ներկայացուցիչներն են ընդգրկված լինելու Հայաստանի խորհրդարանում։ «Նոր գաղափար պետք է դրվի։ Հոգնած ու հնացած մեր կուսակցական վեճերն ու կռիվները չպետք է բերենք այստեղ և քննարկենք։ Նոր մոտեցում պետք է լինի»,- նշեց նա։
Ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանն էլ նշեց, որ այս գաղափարով ևս մեկ անգամ պետք է համախմբել աշխարհի հայությանը։
«Այն, որ սփյուռքահայերը ներկայացված լինեն Հայաստանի խորհրդարանում, մեզ նոր կյանք կտա։ Վստահ եմ, որ դա լավ գաղափար է»,- նշեց նա։
Բանախոսները կարևորեցին Սփյուռքի օգնությամբ Հայաստանի զարգացումը։ «Չպետք է վախենալ, որ Թուրքիան սահմանները չի բացում։ Պետք է իրենք մեզ աղաչեն, որ իրենց հետ համագործակցենք»,- ընդգծեց Վահան Չանոյանը։

No comments: