Thursday, February 3, 2011

ԹԵՀՐԱՆԸ ԲԱՔՎԻՆ ՀԻԱՍԹԱՓԵՑՐԵԼ Է

Ադրբեջանը չի ուզում իրանական շալ կապել

«Լրագիր» 3-2-2011- Սոհբեթ Մամեդովը Նեզավիսիմայա գազետա թերթում գրում է, թե Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսի անդամները, այդ թվում խորհրդարանի պատգամավորներ, Բաքվում փորձել են բողոքի ցույց անել Իրանի դեսպանատան մոտ, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել: Նրանք Թեհրանից պահանջում են չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին, դադարեցնել աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ ապահովել Իրանի ադրբեջանցի թուրքերի մշակութային իրավունքները:
Հայտարարության տեքստը փոխանցվել է Իրանի դեսպանատուն: Միաժամանակ, ակցիայի մասնակիցները նշել են, որ ակցիաները մշտական բնույթ են կրելու, քանի դեռ Թեհրանը չի կատարել վերոհիշյալ պահանջները:
Նախօրեին Ադրբեջանի Միլլի Մեջլիսում նույն թեմայով ելույթ են ունեցել մի քանի պատգամավոր: Նրանք նշել են, թե Իրան-Հայաստան նավթամուղի կառուցումը, Հայաստանին աջակցելը համարվում են “բաց աջակցություն օկուպանտ երկրին”: Պատգամավորներից մեկն էլ կոչ է արել Ադրբեջանի քաղաքացիներին չմեկնել Իրան, մեկ ուրիշն էլ ասել է, թե այդ երկրի իսլամական ռեժիմը վարում է Ադրբեջանի դեմ ուղղված քաղաքականություն. “Սկսած Ադրբեջան թմրանյութեր մատակարարելուց, վերջացրած Հայաստանի աջակցությամբ, Իրանը թշնամական քաղաքականություն է վարում: Ես առաջարկում եմ միջազգային կառույցներում բարձրացնել Իրանում ադրբեջանցիների իրավունքների հարցը: Պետք է հետաքննել այն ադրբեջանցիների գործունեությունը, ովքեր կրթություն են ստացել իրանական քաղաքներում”, ասել է նա:

No comments: