Wednesday, February 9, 2011

Այսօրվա խորհրդարանը երբևէ եղած ամենակոռումպացված և մաֆիոզ խորհրդարանն է. Ռուբեն Հակոբյան

Tert.am. 9-2-2011- «Այն, ինչ ասում է Ռոբերտ Քոչարյանը, ես կարծում եմ, բացարձակ ճշմարտություն է: ՀՀԿ ամբողջ ցուցակը, իսկապես, կազմվել է եթե ոչ անպայման Ռոբերտ Քոչարյանի ձեռքով, ապա իր համաձայնությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ, «Ակունք» վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ դա պարզ ճշմարտություն է, և զարմանալի է, որ երկրորդ նախագահի հիշյալ հայտարարությունը նման մեծ հակազդեցության է արժանացել:
«Երբեք Հայաստանն այսքան ոչ պառլամենտական, մաֆիոզ, կոռումպացված, ցածր ինտելեկտով Ազգային ժողով չի ունեցել, ինչպիսին այսօր է»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը` ավելացնելով, որ այսօրվա խորհրդարանի մեղքով է նաև այսօր Հայաստանը հայտնվել վատ իրավիճակում:
«Ի դեպ, ասեմ, եթե ոչ ամբողջությամբ, Ռոբերտ Քոչարյանը նաև մասնակի մասնակցություն է ունեցել, իմ կարծիքով, նաև «Բարգավաճի» համամասնական ցուցակների ձևավորմանը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների մասին հարցին՝ վերլուծական կենտրոնի ղեկավարը դժվարացավ ասել, թե տվյալ հակամարտությունը որքանով է անկեղծ: Հակոբյանը չբացառեց այդ հակասությունների հետևանքով «առնետավազքի» հնարավորությունը:
«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի ներքաղաքական դաշտում, կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ միանգամից և արտահերթ ընտրությունների հարց լինի, և նաև կասկածի տակ հայտնվի անգամ իշխող ուժերի հայտնվելն առաջիկա խորհրդարանում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմությանը, «Ժառանգության» ներկայացուցիչը նշեց. «Իսկապես, այսօր ընդդիմությունը խնդիր ունի համախմբվելու: Որևէ քաղաքական ուժ չի կարող այսօր միայնակ որևէ լուրջ և արմատական փոփոխություններ իրականացնել Հայաստանում»: Հակոբյանը կարծում է, որ ընդդիմության համախմբումը հնարավոր է։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցությունների համագործակցությանը, նրա դիտարկմամբ` համագործակցության արժանի շատ հարցեր կան՝ «այսօրվա բացարձակ անչափելի կոռուպցիան, չպատճառաբանված թանկացումները, ընտրական գործընթացները»:

No comments: