Saturday, February 5, 2011

Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը հանվել է շվեդական կառավարության կայքից Անկարայի ճնշման տակ

Թուրքական կողմի ձեռնարկած քայլերի արդյունքում Շվեդիայի կառավարության պաշտոնական կայքից հանվել է օրեր առաջ ինտեգրացիայի նախարար Էրիկ Ուլենհագի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարության տեքստը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet օրաթերթը։
Ըստ թուրքական պարբերականի՝ հունվարի 27-ին Հոլոքոստի զոհերի հիշատակի ոգեկոչման արարողության ժամանակ, Ուլենհագի հնչեցրած հայտարարությունների առնչությամբ թուրք պաշտոնյաները կապվել են իրենց շվեդ գործընկերների հետ և մտահոգություն հայտնել։ Շվեդական կողմը տեղեկացրել է Անկարային, որ Ուլենհագի հայտարարությունները չեն արտացոլում Շվեդիայի կառավարության՝ Հայոց ցեղասպանության հարցում ունեցած պաշտոնական տեսակետը և կառավարության կայքից հանել են նախարարի խոսքերը։
Նշենք, որ հունվարի 27-ին Շվեդիայի սինագոգներից մեկում Էրիկ Ուլենհագը, խոսելով Հոլոքոստի մասին, վկայաբերել էր Ադոլֆ Հիտլերի՝ «Ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը» հայտնի արտահայտությունը՝ ակնարկելով, որ Հիտլերը հրեաների ցեղասպանությունն իրականացնելու հարցում ոգեշնչվել էր հենց Թուրքիայից։
«Վերհիշենք 1970–ականներին Կամբոջիայում, 1980-ականներին Իրաքում, 1990-ականներին Բոսնիայում և Ռուանդայում և 2000–ական թվականներին Դարֆուրում տեղի ունեցած ցեղասպանությունները։ Ադոլֆ Հիտլերը, հայտարարելով՝ «Ո՞վ է հիշում հայերին», նկատի ուներ Թուրքիայում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի և ասորիների դեմ իրականացված ցեղասպանությունները։ Ոչ ոք երբեք չպետք է լսի՝ «Ո՞վ է հիշում հրեաներին» արտահայտությունը»,– հայտարարել էր Էրիկ Ուլենհագը։
Հիշեցնենք, որ Շվեդիայի Ռիկսդագը 2010թ. մարտի 11-ին 131 կողմ, 130 դեմ ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որին դեմ է հանդես գալիս Շվեդիայի կառավարությունը։

No comments: