Saturday, February 5, 2011

ԿԱՐՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՈՐՈՇԵՑ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ»

Դրա պատճառը սոսկ հուշարձանի անճոռնիությունը չէ, այլեւ Հայաստանի հետ այսպես կոչված բարեկամության ենթատեքստը
«ԱԶԳ», 05-02-2011- «Ազգը» դեռեւս հունվարի 11-ի համարում, անդրադառնալով քանդակագործ Մեհմեդ Աքսոյի Կարսում կառուցված անավարտ հուշարձանին, նշել էր, որ հունվարի 8-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանը դա որակել է «անճոռնի եւ հրեշավոր»: Դա հիմք էր ծառայել հուշարձանի ապամոնտաժման կարծիք հայտնելու համար: Էրդողանի կարծիքը երկրի ներսում շահարկվեց, իսկ երկրից դուրս տեղիք տվեց տարբեր մեկնաբանությունների:
Մինչ շահարկումներին անդրադառնալը նշենք, որ արձանի կառուցումը սկսվել էր 2006-ին, 2008-ին դադարեցվեց հուշարձանների հանձնաժողովի որոշումով, իսկ 2011-ին որոշվեց քանդել: Սակայն դրա համար անհրաժեշտ էր Կարսի քաղաքապետարանի որոշումը, որն էլ, երկար տատանումներից հետո, փետրվարի 1-ին ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունեց քաղաքապետարանի ավագանու խորհուրդը:
Ի դեպ, 30-մետրանոց «մարդասիրության հուշարձանը» կառուցվել էր Կարսի ամենաբարձր կետում, որպեսզի երեւա Հայաստանից: Դա իրենից ներկայացնում է բացված հսկա մի ձեռք, մեջտեղից կիսված մարդու մարմին, հագեցած է Սարիղամիշի ճակատամարտում ոչնչացված թուրք զինվորներին խորհրդանշող ֆիգուրներով: Ենթադրվում էր, որ ավարտվելու դեպքում հայերի հետ թուրքերի այսպես կոչված միասնականությունը խորհրդանշող կիսված մարդու աչքից արցունք էր կաթելուՙ ի նշան երկու ժողովուրդների կրած տառապանքների:
Սարիղամիշի ճակատամարտում հայ ազգի դահիճ Էնվեր փաշայի հրամանատարությամբ կռվող օսմանյան բանակի ավելի քան 90 հազար զոհը ի՞նչ առնչություն ունի երկու ժողովուրդների «համատեղ» տառապանքների հետ կամ կիսված մարմնի ո՞ր հատվածը ո՞ր ժողովրդին է խորհրդանշում, որպեսզի ճշտվի ո՞վ է թեկուզ խողովակով մղվող ջրի միջոցով տառապանքների համար արցունք թափողը: Այլ կերպ հուշարձանը ոչ միայն անճոռնի, այլեւ սենտիմենտալ է եւ պարզունակ:
Ինչ վերաբերում է շահարկումներին, ապա դրանք տարաբնույթ են: Հուշարձանի պահպանման կողմնակիցները, մասնավորապես ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, դրա քանդումը օգտագործում են առաջիկա խորհրդարանական ընտրությունների հաշվարկով, ինչպես Էրդողանի, այնպես էլ նրա «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության դեմ: Գալով հակառակորդներին, ապա նրանք պաշտպանում են հուշարձանի ապամոնտաժման Էրդողանի գաղափարը ոչ թե դրա անճոռնիության, այլ Հայաստանի հետ ունեցած բարեկամության ենթատեքստի պատճառով:
Այդ առումով հատկանշական է Իգդիրում գործող «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյի դիտարկումը: Հունվարի 31-ին նա հուշարձանը տեղում ուսումնասիրելու համար եղել է Կարսում, ապա եւ լրագրողներին հայտարարել. «Մեր միությունը դեռեւս 2006-ին դեմ էր արձանի կառուցմանը եւ պահանջում էր քանդել: Սակայն կառուցումը սկսեցին: Արձանի տեսքը անճոռնի՞ է, թե՞ ոչ, մեզ չի հետաքրքրում: Մենք հետաքրքրվում ենք դրա կառուցման նկրտումով: Այս հուշարձանը նախապես անվանում էին «Հայաստանի հետ բարեկամության եւ հաշտության» հուշարձան: Սակայն բախվելով հակազդեցությանՙ վերանվանեցին «մարդասիրության»: Նախապես զգուշացրել էինք, իսկ հիմա կրկնում ենք. այս հուշարձանով Հայաստանի բարեկամության ձեռք էին մեկնում, որպեսզի աջակցեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Առ այսօր անհասկանալի է, թե ինչու Կարսի հայկական թաղամասը, որտեղ կան հայկական եկեղեցիներ եւ գերեզմանոց, ընտրվել է որպես հուշարձանի կառուցման վայր: Սակայն մի բան պարզ է. դա կառուցվում էր հետին նպատակներովՙ որպես անարգանք հայերի ձեռքով սպանված թուրք նահատակների հիշատակին: Ապամոնտաժման առումով պաշտպանում ենք մեր վարչապետի տեսակետը»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: