Saturday, February 5, 2011

Չի բացառվում, որ Եգիպտոսի իրադարձությունների արդյունքում ստեղծվի նաև ազատ Քուրդիստան. ՀՀ նախկին ԱԳ նախարար

Tert.am. 4-2-2011- «Եգիպտոսը բացառիկ դերակատարություն ունի արաբական աշխարհում և Միջին Արևելքում»,– այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ համոզմունք հայտնելով, որ այսօր կվճռվի Միջին Արևելքի առաջիկա տասնամյակների զարգացման ուղին։
Նախկին դիվանագետի կարծիքով՝ Եգիպտոսի իրադարձությունները մեծ ազդեցություն կունենան Մեծ Միջին Արևելքի համար, սակայն ամեն ինչ կախված է այն բանից, թե Եգիպտոսում ինչպես տեղի կունենա իշխանության փոփոխությունը։ Ալեքսանդր Արզումանյանն այն կարծիքին է, որ ներկա գործընթացը միգուցե ավարտվի սահմանների վերանայմամբ և նոր երկրների ի հայտ գալով։ «Ոչ ոք չի կարող բացառել, որ այսպիսի գործողություններից հետո ի վերջո կստեղծվի նաև ազատ Քուրդիստան»,– հայտարարեց նախկին արտգործնախարարը։
ՀԱԿ ներկայացուցիչը համեմատեց Եգիպտոսի իրադարձությունները և Հայաստանում մարտմեկյան դեպքերը։ «Իշխանությունների արձագանքում կա բավականին հստակ նմանություն։ Եթե Հայաստանում սափրագլուխներ էին ուղարկվում կամ այս կամ այն օլիգարխի թիկնապահները, տարբեր տեսակի սադրիչներ էին ուղարկվում մարտի մեկի իրադարձությունների ժամանակ, ապա այնտեղ ձիավորներ, ուղտեր և այլ նորամուծություններ արեցին»,– ասաց Արզումանյանը՝ ավելացնելով, որ «Ի տարբերություն Հայաստանի՝ Եգիպտոսը ժողովրդի դեմ չհանեց բանակը»։

No comments: