Friday, February 11, 2011

Թուրքական խորհրդարանում բախվել են քրդերն ու Էրդողանի կուսակիցները

Tert.am. 11-2-2011- Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել պատգամավորների միջև։ Այս անգամ բախվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության պատգամավորները։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդարանում վիճաբանություն է սկսվել այն բանից հետո, երբ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր Հասիփ Քափլանը, իր ելույթի ժամանակ հիշատակելով Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի անունը, գործածել է «հարգարժան Օջալան» արտահայտությունը։
Լսելով այդ արտահայտությունը՝ թուրքական խորհրդարանի փոխխոսնակ Սադըք Յաքութը, հայտարարելով, թե «Այստեղ չեք կարող հարգարժան ասել մեկին, ով սպանել է 40 հազար մարդու», լռեցրել է քուրդ խորհրդարանականի խոսափողը, ինչն էլ առաջացրել է մյուս քուրդ պատգամավորների հակազդեցությունը։
Իր բողոքն արտահայտելու համար ամբիոնի կողմն է ուղղվել քուրդ պատգամավոր Սըրրը Սաքըքը, որին փորձել է խոչընդոտել Էրդողանի կուսակցությունից Ահմեթ Յենին։ Սակայն քուրդ պատգամավորը բռունցքի մեկ հարվածով տապալել է Յենիին։ Այդ պահին Սաքըքի վրա հարձակվել և նրա կոկորդից է բռնել «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մեհմեդ Էրդողանը։ Մի խումբ խորհրդարանականների միջամտությամբ հնարավոր է եղել վերջ տալ կռվին։

No comments: