Friday, February 11, 2011

ՈՒՄ Է “ՄՈՒՏՔԱԳՐԵԼ” ՔՈՉԱՐՅԱՆԸ

«Լրագիր» 11-2-2011- Ըստ ամենայնի, Ռոբերտ Քոչարյանը դժգոհ է այն բոլոր մարդկանցից, ում հորդորել է մտնել ՀՀԿ եւ ուժեղացնել այդ կուսակցությունը: Որ մի շարք պաշտոնյաների նա այդպիսի հորդոր է արել, խոստովանեց օրերս Մեդիամաքսին տված հարցազրույցում: Թեեւ խոստովանելու կարիք էլ չկար, քանի որ թերեւս շատերի համար էր հայտնի, որ 2007 թվականի խորհրդարանի ընտրության ժամանակաշրջանում շատերն այդ կուսակցության անդամ դարձան Քոչարյանի հորդորով կամ հրահանգով:
Ըստ ամենայնի, Քոչարյանը դժգոհ է այդ մարդկանց աշխատանքից, դրա համար էլ որոշել է “բացահայտել” նրանց: Թեեւ դա դեռեւս զգուշացում է, ոչ բացահայտում: Եթե այդ մարդիկ շարունակեն իրենց վատ աշխատանքը` Քոչարյանի տեսանկյունից, ապա չի բացառվում, որ նա արդեն անուններ էլ տա: Այ դա արդեն կլինի “բացահայտում”:

Պարզապես այդ ամենի մեջ կարծես թե թյուրըմբռնման տարր կա: Այդ մարդիկ թերեւս լավ չեն հասկացել, որ Քոչարյանն իրենց ՀՀԿ է ուղարկում ոչ թե ՀՀԿ-ն, այլ հենց իրեն ուժեղացնելու կամ ուժեղ պահելու համար: Նրանք գնացել ու հենց ՀՀԿ-ն էլ, այսինքն Սերժ Սարգսյանին, ուժեղացրել են: Չի բացառվում նաեւ, որ նրանք գնացել են ՀՀԿ, ՀՀԿ-ում բացահայտվել է այսպես ասած Քոչարյանի “լրտեսը” լինելու հանգամանքը: Իսկ այդպիսի դեպքերում, ինչպես հատուկ ծառայություններն են վարվում` բացահայտված օտարերկրյա լրտեսին սկսում են օգտագործել հենց տվյալ լրտեսին ուղարկած երկրի դեմ:

Իսկ Սերժ Սարգսյանն ունի Հայաստանի հատուկ ծառայությունների ղեկավարման երկարատեւ փորձ, ինչը կարող էր նրան օգտակար լինել Քոչարյանի ներդրած կադրերին հենց նրա իսկ դեմ օգտագործելու հարցում: Այդ պայմաններում արդեն Քոչարյանի նախագզուշական հիշեցումը դառնում է ավելորդ: Նրան այլ բան չի մնում, քան մեկ առ մեկ բացահայտել, թե ով է ՀՀԿ մտել իր հորդորով: Միեւնույն է, այդ մտածներն այլեւս հազիվ թե իրեն որեւէ բանով օգուտ տան: Ուրեմն նրանց անունները հրապարակելը կնպաստի, որ նրանք նաեւ Սերժ Սարգսյանի համար դադարեն լինել օգտակար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: