Saturday, February 12, 2011

Մելիքյանը հիացած է Ֆասիեի համառությամբ

Panorama.am. 11-2-2011- ԼՂՀ հակամարտության բանակցային գործընթացում Սումգայիթի հարցը գործոն դարձնելուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կողմ չեն լինի: Այսօր այսպիսի կարծիք հայտնեց, ԼՂՀ նախկին արտաքին գործերի նախարար Արման Մելիքյանը:
Նրա մեկնաբանմամբ, արդեն Մինսկի խումբը կարգավորման այնպիսի ծրագիր է առաջարկել, որը բացառում է փախստականների խնդրի արծարծումը:
«Բնականաբար, եթե այս բանակցային տրամաբանության շրջանակներում արծարծվի հայ փախստականների խնդիրը, ապա իրենց առաջարկած ծրագիրը փլուզվելու է: Նրանք դա իրենց համար հարմար չեն տեսնում ու պատահական չէ, որ Միջազգային Ճգնաժամային խումբը հանդես եկավ հրովարտակով, որով փորձում են վախեցնել մեզ` պատերազմի վտանգով: Դրանք այն մարդիկ են, ովքեր մշտապես խեղաթյուրել են փաստերն ու մշտապես ուղղորդված կերպով ջանացել են շրջանցել հայ փախստականների խնդիրը»,-ասաց նա:

Ըստ Ա. Մելիքյանի սա է միջազգային մոտեցումը հարցին, բայց նա նշեց, որ հայկական կողմը կարող է ու պետք է ունենա հարցի վերաբերյալ իր սեփական մոտեցումը: Իսկ իրողությունը, նրա խոսքով այն է, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանը շրջանցել է խնդիրը:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի օրերս արած հայտարարությանը, նա նշեց, որ հիացած է Ֆասիեի համառությամբ և հետևողականությամբ: Նա հիշեցրեց, որ համանախագահները նույն բանը հնչեցնում են արդեն 6 տարի ու ժամանակն է, որ իրենք էլ իրենց գործողությունների և արդյունքների մեջ թարմություն մտցնեն և ավելի շատ տուրք տան իրական քաղաքական տրամաբանությանը և իրավիճակի ստույգ գնահատմանը, ոչ թե իրենց ծրագրերին, որոնք, նրա բնորոշմամբ, իրագործելի չեն:

No comments: