Wednesday, February 9, 2011

ՄԱԿ-ԻՆ ԿԱՌԱՋԱՐԿՎԻ ՍՏԵՂԾԵԼ «ՍՓՅՈՒՌՔՆԵՐԻ (ԴԻԱՍՊՈՐԱ) ՄԱՍԻՆ» ՀՌՉԱԿԱԳԻՐ

Փետրվարի 6-ին Կանադայի Տորոնտո քաղաքում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի հետ: Հանդիպման ընթացքում, որը կազմակերպել էր Կանադա-Հայաստան գործարար խորհուրդը, նախարարը ներկայացրել է իր գլխավորած գերատեսչության գործունեության ոլորտները, հատկապես 2011-ի ծրագրեր: Հրանուշ Հակոբյանը մասնավորապես նշել է, որ այս տարի տեղի կունենան մի շարք հանդիպումներ մեծ սփյուռք ունեցող այլ երկրների ներկայացուցիչների հետ` հստակեցնելու ընդհանուր հայտարարներն ու հետո ՄԱԿ-ին համապատասխան դիմում ուղարկելու համար, ըստ որի ՄԱԿ-ին կառաջարկվի ստեղծել «Սփյուռքների մասին» (տարբեր ազգությունների սփյուռքների) հռչակագիր: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ համայնքի ներքին կյանքին վերաբերող եւ այլ հարցեր:
Ավելի վաղ` փետրվարի 5-ին, նախարար Հակոբյանը ներկա է գտնվել Կանադա-Հայաստան գործարար խորհրդի նիստին, որին ներկա են եղել նաեւ Կանադահայոց թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, պետական, քաղաքական, դիվանագիտական ոլորտների ներկայացուցիչներ եւ այլք: Ինչպես Կանադա-Հայաստան գործադիր խորհրդի ատենապետ Վահրամ Փիրջանյանը, այնպես էլ նախարար Հակոբյանը իրենց ելույթներում կարեւորել են սփյուռքի ներդրումները եւ գործակցության ծրագրերը հայրենիքի հետ: Հրանուշ Հակոբյանը եւս մեկ անգամ ընդգծել է. «Հայաստանը սփյուռքով եւ առանց սփյուռքի երկու տարբեր երկիր է»:

No comments: