Thursday, February 10, 2011

ԻՆՉՈ՞Ւ ԱՐԱԳԱՑՎԵՑ ԲՐԱՅԶԱՅԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

«ԱԶԳ», 10-02-2011- Մեթյու Բրայզան, որը չէր թաքցնում, որ անհամբեր է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պարտականությունների կատարմանն անցնելու, ժամանել է Բաքու: Նախընթաց մեկուկես տարում Միացյալ Նահանգները բավարարվում էր դիվանագիտական ներկայացուցչությունում գործերի ժամանակավոր հավատարմատար ունենալ:
Ադրբեջանական աղբյուրները Բրայզայի նշանակումը համարում են «հայկական լոբբիի պարտություն» եւ ավելացնում, որ նրան Բաքու դիվանագիտական աշխատանքի ուղարկելով` Օբամայի վարչակազմն «ընդգծել է Ադրբեջանի կարեւորությունը»: Բաքվում չեն թաքցնում նաեւ, որ ակնկալում են «ղարաբաղյան կարգավորման բանակցություններին ԱՄՆ-ի ավելի եռանդուն ներգրավվածություն», որը, ադրբեջանցի վերլուծաբանների հայացքով, «կարող է նախաձեռնել Մեթյու Բրայզան»:
Նման ակնկալիքներն, ինչ խոսք, չափազանցություն են: Նախ, ղարաբաղյան կարգավորման բանակցություններում համանախագահ երկրները ներգրավված են դեսպաններից շատ ավելի բարձր մակարդակով: Երկրորդ, դեսպանը սովորաբար առաջնորդվում է իր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունից ստացած հրահանգներով եւ ոչ թե` ընդհակառակը: Երրորդ, ինչպես կարելի է եզրակացնել տեղեկատվական ազդակներից, ընթացիկ տարում էլ բանակցություններում «առաջին ջութակի» դերակատարություն վերապահվում է Ռուսաստանին: Համենայն դեպս, ԵԱՀԿ գործող նախագահ Աժուբալիսը քննարկումներն սկսել է Մոսկվայից, իսկ դա երկրորդական հանգամանք չէ:
Այս ամենից, սակայն, չի հետեւում, թե Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի նշանակումը, այն էլ` Սենատում հաստատման ընթացակարգի շրջանցմամբ, էական իրադարձություն չէ: Խնդիրն այն է, թե ինչո՞ւ է արագացվել Բրայզայի նշանակումը:
Դա կարող է ունենալ միայն մեկ բացատրություն. Միացյալ Նահանգների կառավարությունն սպասում է ինչ-որ «արտակարգ զարգացումների»:
Հնարավոր է` դա կապված է Ադրբեջանի եւ Իրանի հարաբերությունների հետ:
Բանն այն է, որ այդ հարաբերություններն ամենեւին էլ բարիդրացիական համարել չի կարելի: Լարվածությունն ակնհայտ է այն աստիճան, որ Բաքվի քաղաքային իշխանությունները փաստացի արտոնել են ԻԻՀ դեսպանատան մոտ կազմակերպված պիկետը: Իսկ այն առաջնորդել է խորհրդարանի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին: Ադրբեջանցիները բողոքի ակցիա են կազմակերպել նաեւ Անկարայում` սեւ պսակ տեղադրելով Թուրքիայում ԻԻՀ դեսպանատան մուտքին: ԱԳՆ պաշտոնական խոսնակ Էլխան Փոլուխովը հայտարարել է, որ «Ադրբեջանը պատրաստ չէ վերացնել անցագրային ռեժիմը», չնայած Իրանը միակողմանիորեն վերացրել է: Մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում` խորհրդարանի փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովը, Իրանին մեղադրել են «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու» մեջ: Իրանի դեմ կոշտ քննադատություն են հնչեցրել նաեւ ադրբեջանցի` հիմնականում իշխանության տեսակետը պաշտպանող քաղաքագետներ եւ վերլուծաբաններ:
Այս լարվածությունը, հնարավոր է, Ադրբեջանի նախաձեռնողականության արդյունք է: Ի վերջո, հազիվ թե Իլհամ Ալիեւը չէր հասկանում, որ իրեն հռչակելով «աշխարհի բոլոր ադրբեջանցիների առաջնորդ», դավագրգռում է Իրանի իշխանություններին, որոնց համար «երկու Ադրբեջանի» թեման շատ զգայուն է մանավանդ ներկա պահին:
Նման իրավիճակում Բրայզան թերեւս Բաքվում կարող է ստվերային մոդերատորի դերակատարություն ստանձնել` ըստ անհրաժեշտության նաեւ վերահսկողության տակ պահելով Իրան-Ադրբեջան հարաբերությունների այն մակարդակները, որ առկա են, թեեւ դրանք պաշտոնապես չեն նշագրվում: Խոսքն այն մասին է, որ ադրբեջանական կողմն էլ իր հերթին գտնում է, որ «հիջաբի հարցն արհեստական է, իրականում Թեհրանը փորձում է Ադրբեջանում կրոնապետություն հաստատել»:
Կա խնդրի եւս մեկ առում:
Բաքվում ԱՄՆ դեսպանի նշանակումը ժամանակային առումով համընկնում է Իլհամ Ալիեւի «հակակոռուպցիոն քաղաքականության» հռչակմանը: Ավելի ու ավելի հաճախ է խոսվում կառավարության կազմում հնարավոր կտրուկ փոփոխությունների մասին: Մասնավորապես նշվում է, որ պաշտոնին հրաժեշտ է տալու վարչապետ Արթուր Ռասիզադեն: Համաշխարհային բանկի փորձագետներն, ըստ ադրբեջանական ընդդիմադիր մամուլի, Իլհամ Ալիեւին հորդորել են հեռացնել արտակարգ իրավիճակների նախարար Քյամալեդդին Հեյդարովին: Վերջինս համարվում է Ադրբեջանի կառավարության ամենակոռումպացված անդամը: Նրա անձնական բիզնեսը գնահատվում է 24 միլիարդ դոլարի սահմաններում: Հեյդարովը նաեւ ունի իշխանության «մոսկովյան օրիենտացիայի» պարագլխի համարում` ի տարբերություն պաշտպանության նախարար Աբիեւի, որն «Արեւմուտքի մարդն է»:
Վերջին օրերին ադրբեջանական ոչ իշխանական լրատվամիջոցները խոսում են նաեւ «սոցիալական բունտի հավանականության» մասին: Տարեսկզբից Ադրբեջանում կտրուկ աճել են ջրի, երկաթուղային տրանսպորտի եւ փոստային ծառայությունների սակագները: Զգալի գնաճ է արձանագրվել նաեւ պարենային մթերքների շուկայում, անկում է ապրել բնական գազի սպառումը, ինչը եւս սոցիալական ոչ բարվոք իրավիճակի ցուցանիշ է:
Սպասվում է, որ կաճեն նաեւ բենզինի եւ դիզվառելիքի գները: Որոշ վերլուծաբաններ դա պայմանավորում են նրանով, որ ադրբեջանական կողմը Ղրղզստանի հետ համաձայնության է եկել «Մանաս» հենակայանում ամերիկյան ինքնաթիռների լիցքավորումն իրականացնելու հարցում: «Այդ ծավալի բենզին Ադրբեջանը չի կարող արտադրել, ուստի մնում է, որ գործարքն իրականացնի ներքին շուկայում վառելիքի ծավալների կրճատման եւ, բնականաբար, գնաճի հաշվին», գրում է, մասնավորապես, «Ենի Մուսավաթ» թերթը:
Այսպիսով, բավական լարված է նաեւ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը: Եվ չի բացառվում, որ Բրայզան շտապ Բաքու է գործուղվել, որպեսզի «Վաշինգտոնը ձեռքը պահի Իլհամ Ալիեւի զարկերակի վրա»:
Հավանական է, այս որոշումն ընդունելիս առաջնային է եղել հատկապես Ադրբեջանի «աշխարհաքաղաքական կողմնորոշումը» վերահսկելու նպատակը: Ըստ երեւույթին, «մտորելու ժամանակը» Վաշինգտոնում համարում են կամ լիովին սպառված, կամ դրան շատ մոտ:
Իսկ դա միայն նշանակում է, որ Միացյալ Նահանգները Բաքվին առնվազը հորդորում է «լինել վճռական եւ վերջնական ընտրություն կատարել»: Բրայզան, ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիեւի կառավարության ենթադրվող փոփոխությունները պետք է հնարավորինս ուղղորդի այնպես, որ Միացյալ Նահանգների ազգային շահերը չվտանգվեն:
Կհաջողվի՞ Իլհամ Ալիեւին եւս մեկ անգամ «չոր դուրս գալ աշխարհաքաղաքական ընտրության թակարդից»` ցույց կտա ժամանակը: Այդուհանդերձ, բացառված է, որ Բրայզան դեսպան է նշանակվել, որպեսզի օգնի Ադրբեջանին` հաղթահարելու կողմնորոշման երկվությունը: Ընդհակառակը, նա Բաքու է ժամանել միայն մի նպատակով` արագացնելու Ադրբեջանի ներգրավվածությունն ԱՄՆ-ի կողմից ենթադրաբար նախածրագրվող գործընթացներում, որոնց կիզակենտրոն դիտվում է Կասպյան ավազանը: Ներառյալ` Իրանը եւ Կենտրոնական Ասիայի էներգակիրներով հարուստ երկրները:
Իր այս առաքելությունն «ընդունելի» դարձնելու համար Բրայզան, իհարկե, «ղարաբաղյան կարգավորման բանակցություններում առաջընթացի հասնելու» եւ այլ` ադրբեջանական հանրության համար «սրտամոտ» թեմաներով խոսել եւ խոսելու է: Բայց փաստ է, որ հատկապես Ադրբեջանի «աշխարհաքաղաքական ընտրության» պահին ԼՂ-ի հարցով բանակցություններում ճեղքում չի կարող լինել:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: