Thursday, February 10, 2011

«Հայկական ժամանակի» դեմ դատավճիռն իրականում դատավճիռ է հայաստանյան յուրաքանչյուր ազատ լրատվամիջոցի դեմ. Վարդան Հարությունյան

Tert.am. 9-2-2011- «Իրավունքի և ազատությոան կենտրոն» ՀԿ նախագահ իրավապաշտպան Վարդան Հարությունյանն այսօր հայտարարություն է տարածել, որում նշում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ կայացված դատավճիռն իրականում դատավճիռ է հայաստանյան յուրաքանչյուր ազատ լրատվամիջոցի դեմ:
«Փետրվարի 7-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատարանը մասամբ բավարարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ ԱԺ մի խումբ պատգամավորների հայցը և թերթին ֆինանսական մեծ փոխհատուցում պարտադրելով, մեկ ավելորդ անգամ ևս ապացուցում է, որ դատարանները Հայաստանում ընդամենը իշխանության ձեռքի գործիք են, իսկ իշխանությունն էլ փորձում է լռեցնել ազատ տպագիր մամուլը` նմանեցնելով այն տարիներ շարունակ ձեռնասուն դարձած անդեմ ու անորակ հեռուստաեթերին»,- ասվում է հայտարարությունում։
Իրավապաշտպանը նաև նշում է, որ «Հայկական ժամանակն» ընդամենն իր աղբյուրի վրա հղում անելով «վիրավորված» պատգամավորների մասին տեղեկատվություն էր տարածել, և տեղեկատվության աղբյուր հանդիսացող անձը բազմիցս հրապարակավ հայտարարել է պարզաբանումներ տալու իր պատրաստակամության մասին, բայց դատարանը` իր առաջ իշխանությանն անհաճո թերթին պատժելու հանձնարարություն ունենալով, կայացրեց պահանջվող վճիռը: «ՀՀ իշխանությունը, ելնելով իր բնույթից, չի կարողանում հանդուրժել ազատ խոսք ու ամեն ինչ արել ու անելու է այն ճնշելու համար»,- ասվում է հայտարարությունում:
«Իրավունքի և ազատությոան կենտրոն» ՀԿ-ն համոզված է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ կայացված այս դատավճիռն իրականում դատավճիռ է հայաստանյան յուրաքանչյուր ազատ թերթի ու լրատվամիջոցի դեմ և կոչ է անում ՀՀ-ում գործող հասարակական ու քաղաքական կազմակերպություններին, իրավապաշտպաններին, ՀՀ քաղաքացիներին անկախ իրենց քաղաքական հայացքներից ու նախապատվություններից, իրենց ձայնը բարձրացնել հօգուտ «Հայկական ժամանակի»` դրանով պաշտպանելով Հայաստանում ազատ մամուլի ու ազատ խոսքի գոյության իրավունքը:

No comments: