Monday, February 14, 2011

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ԴՈՆՈՐՆԵՐԻ

Փետրվարի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում (ԱԽ) տեղի է ունեցել քննարկում «Միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանումն ու անվտանգության եւ զարգացման փոխկապվածությունը» խորագրով, որին մասնակցում էին Խորհրդի անդամ եւ ոչ անդամ երկրների ներկայացուցիչները, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Բրազիլիայի, Գերմանիայի, Կոլումբիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի, Պորտուգալիայի, Հնդկաստանի, Սլովենիայի, Կոստա Ռիկայի ԱԳ նախարարները, Համաշխարհային բանկի հատուկ ներկայացուցիչը:
Ի թիվս ելույթ ունեցողների, այս քննարկմանը մասնակցել է նաեւ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով անդրադարձել է հարատեւ խաղաղության ապահովման հարցում տնտեսական համագործակցության նշանակությանը: Իր ելույթում, նա մասնավորապես ընդգծել է, որ «տարածաշրջանային անվտանգության եւ զարգացման նպատակներին հասնելու համար Հարավային Կովկասն այսօր շարունակում է դիմակայել բազմաթիվ մարտահրավերների եւ դժվարությունների: Համագործակցության բաղադրիչի բացակայությունը բացասական է ազդում ողջ տարածաշրջանի առաջնթացի վրա, եւ դեռեւս լիովին չի օգտագործվել այն հիմնական ներուժը, որը կստեղծեր տարածաշրջանային առեւտրի, ներդրումների, զբաղվածության բնագավառներում իրական հնարավորություններ` նպաստելով փոխգործակցությանը եւ քաղաքական հարցերի կարգավորմանը»:

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ տնտեսական համագործակցությունը կարող է հանդիսանալ վստահության ամրապնդման այն արժեքավոր միջոցը, որը հաճախակի հանգեցնում է քաղաքական մերձեցման` ինչպես օրինակ այն տեղի ունեցավ Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայում եւ Ասիայում: Վերջին երկու տասնամյակների զարգացումները ցույց են տալիս նաեւ, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում տնտեսական համագործակցության մերժումը, փակ սահմանների եւ շրջափակումների պարտադրումը ոչ միայն չեն նպաստում քաղաքական կարգավորմանը, այլ առավել, օտարում են ժողովուրդներին, խորտակում նրանց հույսն ու հավատը հարատեւ խաղաղության հանդեպ»:

Փոխգործակցության հասնելու եւ դրա աշխարհագրությունն ընդլայնելու համար, դեսպան Նազարյանը նշել է, որ Հարավային Կովկասն այսօր կարիք ունի դոնոր-երկրների կողմից հովանավորվող բազմաթիվ նախաձեռնությունների, ծրագրերի եւ որ միջազգային ֆինանսական հաստատությունների, ինչպես նաեւ մասնավոր սեկտորի ներդրումները պետք է վճռորոշ դեր ունենան այս ուղղությամբ առաջընթացի հասնելու համար:

No comments: