Tuesday, February 1, 2011

Մուսաները չլռեցին… Արցախում

Հայկական բանակի օրվա շրջանակներում Հայաստանի Ազգային գրադարանի կազմակերպած միջոցառումներից ուշագրավ էր Սասուն Գրիգորյանի «Մուսաները չլռեցին. քեզ համար, Արցախ» գրքի շնորհանդեսը: Գիրքը ռազմապատմական հուշատեղեկատու-հանրագիտարան է, որտեղ ամփոփված են 1988-1995թթ. Արցախյան ազատամարտում զոհված գրականության, մշակույթի, գիտության, սպորտի, հոգևոր ոլորտի գործիչներ, օդաչուներ, ովքեր կարող էին շենացնել հայ միտքը, սակայն գերադասեցին իմացյալ մահը` հանուն Հայաստանի:
Գրքի շնորհանդեսի ժամանակ բանախոսները ողջունեցին գրքի ծնունդը, իրենց խոնարհումը հայտնեցին զոհվածների հիշատակին, խոսեցին Հայոց բանակի կազմավորման, անցած ճանապարհի մասին:
ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը զոհվածներին բնորոշեց աստվածաշնչյան տերմինով` ննջեցյալներ:
-Նրանք չեն մահացել, մեր կողքին են և մի օր արթնանալու են իրենց թոռների, ծոռների հոգիներում,- համոզված է Դ.Սարգսյանը: Նա նաև հեղինակին առաջարկեց կազմել ազատամարտում զոհված հայ գրողների անթոլոգիա:
Ս.Գրիգորյանը մեծ ցավ էր ապրում, որ հողի համար կյանքով հատուցած այդ նվիրյալների մասին չկա գիրք: Եվ նման գիրք գրելը դարձավ նրա կյանքի նպատակը` տպագրելով իր իսկ հեղինակած «Մուսաները չլռեցին» հանրագիտարանային հրատարակության երրորդ հատորը: Ներկաներին ասմունքով և երգով ողջունեցին Երևանի Հայրապետ Հայրապետյանի անվան դպրոցի սաները, որոնց ելույթը ռազմական պատմաբան Արմենակ Մանուկյանը համարեց ամենամեծ գնահատականը գրքին:
Սասուն Գրիգորյանին հուզում է նաև այն փաստը, որ ստեղծագործական միությունները չեն զբաղվում զոհվածների հիշատակի գործեր ստեղծելով, և նախարարություններն էլ այդ գործում չունեն իրենց ավանդը:
Հեղինակը նշում է, որ գրքում ներկայացված են ավելի քան 40 գրող, որոնց մեծ մասը արդեն տպագրված գրքերի հեղինակներ էին, մոտ 60 նկարիչ, որոնցից շատերը ՍՍՀՄ նկարիչների միության անդամ էին, 110 մարզիկ, 2 հոգևորական:
Գրքի ծնունդը ողջունեց գեներալ Գուրգեն Դալիբալթայանը: Նա խոսեց հայկական բանակի մարտունակության մասին, նշեց, որ այսօր մենք ունենք կայացած բանակ, բարձրակարգ կադրեր:
Ելույթ ունեցան գրքի խմբագիր Վլադիմիր Պետրոսյանը, բանաստեղծ Արտաշես Ղազարյանը, ՀԱԳ փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը, զոհված ազատամարտիկների ծնողներ:
Գիրքը սկզբում բաղկացած է եղել 700 էջից, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով այն կրճատվել է` դառնալով 140 էջ:
Գրքի նպատակն է մոռացությունից փրկել այն հերոսների անունները, ովքեր մի կողմ դրեցին գրիչը, վրձինը, հանեցին հոգևորականի սքեմը` դրանք փոխարինելով զինվորական համազգեստով և զենքով:
Ս.Գրիգորյանը գիրքը գրելիս նյութեր է հավաքել Հայաստանի տարբեր մարզերից, ԼՂՀ-ից, նրան աջակցել է նաև Պաշտպանության նախարարությունը: «Մուսաները չլռեցին» շարքի առաջին երկու հատորները Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների մասին են:
Նշենք, որ Ազգային գրադարանի ցուցափեղկում ներկայացված էր Ս.Գրիգորյանի հեղինակած գրքերը` շուրջ 17 անուն. «Նրանք ընկան երգը շուրթին», «Սասնա արծիվների մի երամ», «Դեպի Էրգիր» և այլ գրքեր:
Գոհարինե Ջուլհակյան
Ստորև ներկայացնում ենք գրքում ներառված ազատամարտիկ-բանաստեղծների ստեղծագործություններից
Տեր իմ, հիմա քեզ խնդրում եմ ես,
Մորս աչքերը դու միշտ չոր պահես,
Չթողնես կյանքում դու նրան մենակ,
Սա է խնդրանքս, խնդրանքս միակ…
Հովհաննես Ասրյան
***
Ո՞մ են մնացել ծովերդ խորունկ`
Անգութ քույրերը անջուր Սևանի,
Ծով ալիքներիդ խոյանքին փրփուր,
Խաղաղ ծովերիդ հազար երանի:
Ո՞մ են մնացել արևներդ բորբ,
Արշալույսներդ` հագած ծիրանի,
Երեկոներիդ մեղմությունն անդորր,
Ջերմ արևներիդ հազար երանի:
Քո զավակները արևից լուսին
Ուրիշ արև են որոնում հայի:
Կարոտ են նրանք արևիդ լույսին,
Լույս արևներիդ հազար երանի:
Սպարտակ Բակունց
1988թ.
***
Ամեն գիշեր քնելիս,
Երազում հյուր ես գալիս,
Բայց ինձ համբույր չես տալիս,
Ես ինչո՞վ եմ մեղավոր:
Ամեն գիշեր քնելիս,
Սիրտս լալիս է, լալիս,
Երբ երազում չես գալիս,
Դառնում եմ ես ընկնավոր,
Թող իմ գիշերը մթնի,
Սիրտս խոր, խոր քուն մտնի,
Բայց երազս քեզ գտնի,
Ռիտա, իմ աստղ լուսավոր:
Ռոբերտ Բարսեղյան
1993թ.
***
Ես գալիս եմ Մշո դաշտից, Աշտիշատից,
Հացեկացից բարև ունես, օ¯, Ղարաբա`ղ,
Ես գալիս եմ Խնուսից և Բուլանուխից,
Պիտի հաղթես, պիտ հավերժես, իմ սուրբ Արցախ:
Ես գալիս եմ Արագածից դեպ Խրամորթ,
Դու Սիփանից և Նեմրութից բարև ունես,
Ես Վարդանանց քաջ տոհմից եմ աստվածամոտ,
Թշնամուս դեմ պիտի կանգնեմ միշտ պարզերես:
Քի°րս և Մռո°վ, ճամփա տվեք տարոնացուս,
Թուր Կեծակիս Թալեաթ, Էնվեր պիտի հնձի,
Ծովասարից Գանձասար սփռելու եմ ես լույսն հոգուս,
Թուրք-ազերին իմ նոր զարկից չի° պրծնի:
Ելե°ք, տղե°րք, դարձե°ք մի սիրտ և մի բռունցք,
Արցախն արդար ինձ ու ձեզ է այսօր կանչում,
Մասիսն ու Վանքն են աշխարհում մեզ սուրբ բարձունք,
Մենք մեր ուխտից և մեր զենքից չենք ամաչում:
Հողիս համար թող ես կռվեմ, թող ես զոհվեմ,
Մա°յր իմ, երբեք դու չտխրես, հպա°րտ մնա,
Ռազմադաշտում ո՞վ է ասում` վերջին զոհն եմ,
Ես` մշեցիս, Արցախում պիտ անմահանամ:
Մյասնիկ Գասպարյան
***
Աշխարհն այս փշոտ
Կսեղմեմ կրծքիս,
Կգրկեմ-տանեմ
Մի անփուշ անկյուն,
Թեկուզ մինչև վերջ
Արնաքամ լինեմ:
Սամվել Գևորգյան
***
Դու գիտե՞ս` ինչ է պոետի սերը,
Ես քեզ պոետի սիրով կսիրեմ
Եվ այս աշխարհում իմ ողջ երկերը
Ես քեզնով, քեզնով լցված կերգեմ:
Ես կգուրգուրեմ քեզ իմ երկերով,
Իմ երգերի մեջ հովն է օրորովում.
Ես այրվում եմ միշտ քո անմար հրով,
Ա¯խ, մի՞թե, մի՞թե դու ինձ չես սիրում:
Յուրա Գևորգյան
***
Ես իմ բնական մահով չեմ մեռնի,
Քանի որ սիրտս կանչում է կռվի,
Քանի որ հոգիս այրվում է արդեն
Անմահ վրեժից:
***
Հայը դեռ կապրի դարեր շարունակ,
Հայը կծնի շատ քաջեր անվախ,
Հայ արծիվների բանակը արդար
Դեռ հաղթելու է թշնամուն խարդախ:
Կարեն Դուրինյան
***
Արցախ եմ եկել ես ոչ թե Մարսից,
Արցախ եմ եկել Արաքս-Մասսից,
Հանուն Արցախի թող մի օր զոհվեմ,
Զոհվածների մեջ չմոռանաք ինձ:
Հանուն Մասսի իմ կյանքը ի՞նչ է,
Մասիսը որ կա վեհություն, խիղճ է,
Թե զոհվեմ, դուք ինձ թաղեք Մասիսում,
Հանուն Մայր հողի զոհվելը քիչ է:
Ատոմ Եգոյան
1994թ.:
***
Սենյակիս լուռ մթության մեջ
Հսկում է ինձ մայրս թաքուն
Եվ հեքիաթ է հյուսում անտես
Սենյակիս լուռ մթության մեջ:
Ու ես`նրա դուստրը միակ,
Երազներիս դուռն եմ թակում,
Լուռ սենյակիս մթության մեջ
Հսկում է ինձ մայրս թաքուն:
Ռուզան Եսայան
***
Թափանցիկ վարագույր,
Նռներ`սեղանի վրա,
Վառած զույգ մոմեր,
Ծունկի իջած աղոթք,
Երկինք պարզած ձեռքեր,
Լռության մեջ հյուսվող
Սիրո երազ,
Տողեր դարձող խենթություն…
Հարություն Թորոսյան
***
Ես մի պոետ առանց փառքի, կյանքս կտամ ես քո կյանքին,
Քո անբասիր վարք ու բարքին, ազատասեր քո ճախրանքին,
Մատուռներիդ հազարամյա ու մամռապատ քո սուրբ վանքին,
Միայն թե դու ապրես խաղաղ, իմ Ղարաբաղ, իմ Ղարաբաղ:
Բորիկ Թունյան
***
Իմ հայ ժողովուրդ, դու` ուլունքաշար…
Քո հատիկները` աշխարհից աշխարհ,
Թափված գաղթաշատ, քո վսեմության
Երգն են ու վկան…
Թող որ իմ երգով Երթիդ միանամ,
Լուսաշող ճամփիդ մի ջահը դառնամ…
Վահան Խաչիկյան
***
Կատակ է թվում մահը ինձ համար,
Ծիծաղում եմ ես նրա դեմ այսօր,
Չի կարող խլել նա ինձ աշխարհից,
Սուր եմ ես պարզել նրա դեմ արդար,
Արցախ սիրելի, միայն քեզ համար:
Դիրքերում նստած արցունք չեմ թափում,
Ռումբից, ավերից սիրտս է ամպում,
Իմ, քո ոսոխի գանգը փշրելով,
Առաջ եմ նետվում անհուն վրեժով,
Արցախ սիրելի, միայն քեզ համար:
Կյանքն ու աշխարհը թանկ են ինձ համար,
Կարոտ ու սեր է սիրտս բոցավառ,
Մթնում է օրս դաժան մարտերում,
Բայց ես կռվում եմ, մահից չեմ դողում,
Արցախ սիրելի, միայն քեզ համար:
Կեսգիշերային մի խաղաղ պահի,
Երբ հրթիռներն են մահացու գոռում,
Երբ ռումբերն են մահացու ոռնում,
Ես իմ դիրքերում կանգնած եմ համառ,
Արցախ սիրելի, միայն քեզ համար:
Էդվարդ Կյուրեղյան
1994 թ.
***
…Ես կռվում եմ,
Ու կը-րա-կում եմ չափածո,
Տեղը պահում հանգն ու վանկը:
Տե°ր իմ Աստված,
Այս ի՞նչ եղավ.
Շփոթվել են
Իմ գրիչն ու ավտոմատը:
Կոմիտաս Հակոբյան
***
Նստած սահմանում
Մորս եմ հիշում,
Հիշում եմ մորս
Ու մտահոգվում.
Ի՞նչ անեմ, մամ ջան,
Թանկ ես ինձ համար,
Զգում եմ, մամ ջան,
Կարոտած կլինես
Որդուդ հարազատ,
Բայց թե ինչ անեմ,
Երբ ինձ կանչում են
Հողը հայրենի,
Ջուրը մայրենի:
Հանեյան Սերոբ
1992թ.
***
Ես մինուճարն եմ հորս օջախի,
Հայոց սուրբ հողի պաշտպանը սրտանց,
Ա¯խ, եթե ընկնեմ հանուն Արցախի,
Շիրմիս շաղ չտաք ծաղիկներ ու լաց.
Թշնամուն, տղե°րք, վանեցե°ք, ջնջե°ք,
Որ հայոց հողում ես հանգիստ ննջեմ:
Համլետ Մինասյան
1991թ.
***
…Գարուն է նորից, պայծառ, արևոտ,
Անձրև է տեղում, չորացի°ր, վառո°դ:
Հո°ղ իմ հայրենի, մնա° դու կանաչ,
Չի° ապրի երբեք քո որդին նահանջ:
Իմ ինչի՞ն են պետք փառքը և գույնը.
Թո°ղ հար փողփողա իմ Եռագույնը…
Գարուն է նորից, մայիս է պայծառ,
Ա¯խ, ե՞րբ պիտ ծաղկես, վիրավոր Արցախ:
Մեսրոպ Մխիթարյան
1993թ.

No comments: