Saturday, February 5, 2011

Հացադուլի մեջ գտնվող ադրբեջանցի սպաների ընտանիքները սպառնում են հրաժարվել քաղաքացիությունից

Panorama.am. 4-2-2011- Այսօր Ադրբեջանի Պահեստի և պաշտոնաթող սպաների միության գրասենյակում մամուլի ասուլիս են հրավիրել հացադուլ հայտարարած սպաների ընտանիքները, որոնց բնակարանային իրավունքները խախտվել են: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ինչպես հայտնել է միավորման փաստաբան Թելման Աբիլովը, պաշտոնաթող սպաներ Բախտիյար Վեկիլովի և Ադալյաթ Գամբարովի ընտանիքները հունվարի 31-ից հացադուլ են հայտարարել: Պատճառը մեկն է. նրանցից խլել են այն բնակարանները, որոնցում վերջիններս ապրել են 30 տարուց ավելի: Սպաների ընտանիքները հանդիպել են իշխանությունների, ոստիկանության ճնշումներին:

Փաստաբանը կարծիք է հայտնել, որ սպաներին հատկացված 10 հա տարածքների վրա ինչ-որ մեկը «աչք ունի»: Արդյունքում սպաների ընտանիքների դեմ գործ է հարուցվել: Դատարանը որոշել է, որ մարդիկ պետք է լքեն իրենց բնակարանները:
Պահեստի և պաշտոնաթող սպաների միությունը դիմել է վճռաբեկ դատարան:
Աբիլովի տեղեկացմամբ, սպաների ընտանիքների անդամները հայտարարել են, որ հացադուլը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև չվերականգվեն նրանց ոտնահարված իրավունքները: «Եթե իշխանությունները չեն կարող ապահովել իրենց քաղաքացիների իրավունքների իրացումը, ապա իրենք հրաժարվում են այդպիսի պետությունից»,- նշել են նրանք:
Վեկիլովը հայտարարել է, որ իր հոր, փոքր քրոջ և դստեր առողջությունը կտրուկ վատացել է, ծանր է նաև Գամբարովի վիճակը:

No comments: