Saturday, February 12, 2011

Աղվան Հովսեփյանը հանցագործությունները թաքցնելու համար մեղադրեց ոչ պրոֆեսիոնալ ոստիկաններին

Tert.am. 11-2-2011- ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր դատախազության կոլեգայի ընդլայնված նիստում մտահոգություն հայտնեց հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր երևույթի կապակցությամբ։
Նա նշեց, որ թեև երևույթի դեմ ակտիվ պայքար է մղում և Գլխավոր դատախազության, և ոստիականության ղեկավարությունը, այդուհանդերձ հանցագործությունները հաշվառումից թաքնելու գործընթացը շարունակվում է։
«Այդ քայլին գնում են այն ոստիկանապետերը, այն օպերատիվ աշխատողները, որոնք չեն աշխատում, թերանում են իրենց աշխատանքում, չեն կարողանում աշխատել։ Խելացի ոստիկանները նման դեպքեր չեն հանդուրժում»,- ընդգծեց գլխավոր դատախազը։
Նա վրդովված նշեց, որ միայն Երևանում նախորդ տարի հաշվառումից թաքցված 1102 հանցագործության դեպք է հայտնաբերվել։ «Ես հակված չեմ մտածելու, թե այդ բոլոր հանցագործությունները թաքցված են եղել։ Երկու պատճառ կա՝ կամ դրանք թաքցվել են, կամ էլ տուժածները հանցագործության մասին հաղորդում չեն տվել»,- նշեց Աղվան Հովսեփյանը՝ հավելելով, որ երկու դեպքում էլ տուժում է իրավական համակարգը։
Ըստ գլխավոր դատախազի՝ եթե մարդիկ հանցագործության մասին չեն հայտնել իրավապահներին, դա մտահոգիչ է։ «Դա նշանակում է, որ հասարակությունը մեզ չի վստահում։ Մարդիկ մտածում են, որ եթե դիմեն մեզ, գնալ-գալու, քաշքշուկների հետևանքով ավելի շատ վնաս կարող են կրել»,- մտահոգվեց գլխավոր դատախազը։

No comments: