Saturday, February 5, 2011

Լավրովը խոսում է հակամարտությունների կարգավորման ընդհանուր սկզբունքների մասին

HayNews.am. 4-2-2011- Այդ սկզբունքներից մի քանիսը Ռուսաստանի արտգործնախարարը ներկայացրել է երեկ Մոսկվայում ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որ մենք այսօր քննարկել ենք` դա ԵԱՀԿ-ի տարածքում պահպանվող հակամարտություններն են: Համոզված եմ, որ Վիեննայում սեղանին դրված առաջարկների թվում պետք է հատուկ ուշադրություն դարձնել Ռուսաստանի եւ որոշ այլ պատվիրակությունների առաջարկած նախագծին` հակամարտությունների կարգավորման ընդհանուր սկզբունքների մասին, որոնք ընդգրկում են շատ հասկանալի բաներ. միայն խաղաղ լուծումների անհրաժեշտությունը, կողմերի դիրքորոշումները հաշվի առնելու անհրաժեշտությունը, հակամարտությունների գոտում բնակչության համար հումանիտար խնդիրներ ստեղծելու անթույլատրելիությունը եւ այլն», – Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքէջի փոխանցմամբ` ասել է Լավրովը:
«Այդ մոտեցումները կիրառելի են տառացիորեն ցանկացած իրավիճակի նկատմամբ, բայց, անշուշտ, դրանք բավարար չեն` կարգավորելու համար այս կամ այն հակամարտությունը. դրանցից յուրաքանչյուրը իր առանձնահատկությունն ունի: Սակայն, հենվելով ընդհանուր մոտեցումների վրա, կարելի է ավելի արդյունավետորեն որոնել կոնկրետ ճգնաժամային իրավիճակների լուծումներ», – ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովը հայտնել է, որ Աժուբալիսի հետ քննարկել է Մերձդնեստի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման ընթացքը:

No comments: