Saturday, February 5, 2011

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸՙ 15 ՏԱՐԵԿԱՆ

«Սահմանադրական դատարանը մեր անկախ պետականության ծնունդն է, եւ նրա կայացումը պետք է միտված լինի դարերին` կայանա մեր տաճարների կառուցման տրամաբանությամբ»:
ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ՍԴ նախագահ

«ԱԶԳ», 05-02-2011- Փետրվարի 6-ին ՀՀ սահմանադրական դատարանը նշում է իր ստեղծման 15-ամյակը: Հոբելյանին հարիր տրամադրություն է Սահմանադրական դատարանի շենքում, բացվել է «Սահմանադրություն եւ արվեստ» ցուցահանդեսը, ուր ներկայացված են նկարիչներ Գառզուի, Հակոբ Հակոբյանի եւ երիտասարդ ավանգարդիստների կտավներ: Փետրվարի 4-ին կազմակերպված ընդունելությանը երկրի բարձրաստիճան այրեր, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հրավիրյալ իրավագետներ ու արվեստագետներ շրջեցին հարկերում, մեծ բավականությամբ դիտեցին նկարիչների գործերը:
Ընդունելության շրջանակներում կայացավ «ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների ժողովածու»-ի եւ «ՀՀ սահմանադրական դատարան-15» բուկլետի շնորհանդեսը:
Հակիրճ խոսքով դիմելով ներկաներին, Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանը կարեւորեց ՀՀ սահմանադրական դատարանի դերը` որպես երկրում սահմանադրական նոր մտածողության ձեւավորման ու զարգացման առաջամարտիկի, որը կյանքի կոչեց սահմանադրագիտության իրավափիլիսոփայական հայեցակարգային նոր մոտեցումներ, դրեց սահմանադրական դատավարության հիմնաքարը, մեծ ավանդ ունեցավ սահմանադրական արդարադատության գիտամեթոդաբանական հիմնախնդիրների լուծման գործում:
Անցած տարիներին ՍԴ-ի հետ համագործակցված աշխատանք տանող մի շարք անձինք պարգեւատրվեցին ՀՀ սահմանադրական դատարանի ոսկե մեդալով` Փաստաբանների պալատի նախագահ Ռ. Սահակյանը, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գ. Ղազինյանը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Ա. Կապինոսը, «Հայաստանում իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար (GTZ) Վարդան Պողոսյանը: Անվանական ժամացույցներով պարգեւատրվեցին ՍԴ ստեղծման առաջին իսկ տարվանից ՍԴ անդամներ Վ. Հովհաննիսյանը, Վ. Պողոսյանը, Հ. Նազարյանը եւ ՍԴ աշխատակազմի ղեկավար Ա. Հակոբյանը: ՍԴ 15-ամյակի առիթով աշխատակազմի անդամները կստանան տարբեր մրցանակներ ու պարգեւներ:
Այսօր` փետրվարի 5-ի երեկոյան, ՍԴ անդամների ու երկրի բարձրաստիճան մի շարք անձանց համար համերգ է տալու հանրաճանաչ դաշնակահար Արթուր Փափազյանը:
15-ամյա դժվարին ուղի
Ինչո՞վ էր պայմանավորված Սահմանադրական դատարանի ստեղծումը: Սահմանադրական վերահսկողության հատուկ մասնագիտացված այս ինստիտուտը Հայաստանի Հանրապետության անկախության ծնունդ է, ժողովրդավարության մեծագույն նվաճումներից մեկը: Սա այն հատուկ մարմինն է, որը կոչված է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների սահմանադրորեն ամրագրված լիազորությունների ներդաշնակ իրականացմանը, նորմատիվ ակտերի սահմանադրականության ապահովմանը, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների կայուն երաշխիքների ստեղծմանը: Այն նորանկախ երկրի կայուն առաջընթացի երաշխավորողներից է, որը նպաստում է քաղաքացիական հասարակության ակտիվ ձեւավորմանը, օրենքի գերակայության հաստատմանը:
Իր ձեւավորման (1996 թ., փետրվարի 6) տարվանից երկրում սահմանադրական արդարադատության հաստատման լուրջ քայլեր է կատարել` յուրացնելով եւ տարածելով հատկապես եվրոպական երկրների առաջավոր փորձը: Այս համագործակցության արդյունքում, հենց այդ նույն տարում, ՀՀ ՍԴ-ն անդամակցեց Եվրոխորհրդի «Ժողովրդավարությունՙ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով): Մեկ տարի անց (1997 թ. հոկտեմբերին) անդամակցեց նոր հիմնադրված «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպությանը` դառնալով այդ մարմնի մշտական համակարգողն ու նախագահողը, Սահմանադրական դատարանների միջազգային կոնգրեսի (անդամ են 125 երկրներ) բյուրոյի անդամ է, 2008 թվականից Ֆրանկոֆոնիայի երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների միջազգային կոնֆերանսի անդամ է, անդամ է Եվրոպական սահմանադրական դատարանների միջազգային ընկերակցության: Պատահական չէր, որ 2009 թ. հունվարի 22-24-ը Հարավաֆրիկյան Հանրապետությունում (Քեյպտաուն) կայացած առաջին Կոնգրեսում ընտրված բյուրոյի կազմում (տասը երկիր) ընտրվեց նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահը, ում ներկայացրած թեման էլ` «Մարդու իրավունքների սահմանափակման գնահատման չափանիշները սահմանադրական արդարադատության պրակտիկայում» դարձավ 2011 թ. hունվարի 16-18-ը Բրազիլիայում (Ռիո դե Ժանեյրո) հրավիրված երկրորդ կոնգրեսի քննարկման թեմա: Կոնգրեսի առաջին լիագումար նիստում ՀՀ ՍԴ նախագահ, Սահմանադրական դատարանների միջազգային խորհրդաժողովի բյուրոյի անդամ, պրոֆեսոր Գ. Հարությունյանը հանդես եկավ զեկուցումով եւ նախագահեց լիագումար 3-րդ նիստը:
Սա ՀՀ ՍԴ-ի` միջազգային չափանիշներով կայացած ինստիտուտ լինելու վկայություն է, որն աչքի է ընկնում իր գործուն մասնակցությամբ, իր ակտիվությամբ, բազում հետաքրքրական իրատեսական առաջարկներով` եվրոպական կառույցներում հարաբերությունների լիարժեք եւ իրավահավասար սուբյեկտի դեր կատարելով: ՍԴ-ն, երեւանյան միջազգային ամենամյա խորհրդաժողովների (15) կազմակերպմամբ, մի շատ նկատելի ավանդույթի սկիզբ է դրել` իրավական աշխարհում մեծ ճանաչում ու հեղինակություն ունեցող իրավագետների ու սահմանադրագետների, սահմանադրական դատարանների նախագահների գործուն մասնակցությամբ, թեմաների հրատապությամբ: Խորհրդաժողովներում ներկայացված զեկուցումները, թեմաների քննարկումներն ու վերլուծությունները տարածվում, մասսայականացվում են «Սահմանադրական արդարադատություն» ռուսալեզու ամսագրի, «Սահմանադրական արդարադատությունը նոր հազարամյակում» միջազգային քառալեզու ամենամյա տարեգրքի, ՍԴ ինտերնետային կայքի եւ էլեկտրոնային այլ միջոցներով: Խորհրդաժողովները փորձի փոխանակման, միջազգային իրավական դիրքորոշումների ընդհանրացման գումարյալ քննարկումների, տարբեր երկրների սահմանադրական դատարանների դատական պրակտիկայից բերված բնորոշ օրինակների ներկայացման հիանալի առիթ են: Նաեւ ա՛յս ձեռնարկումներով է հարթվում դեպի իրավական երկիր գնալու ճանապարհը: Ի դեպ, ՍԴ-ի ինտերնետային կայքն ու էլեկտրոնային տեղեկատվական համակարգը լավագույններից են ճանաչվել միջազգային համանման կայքերի մեջ: Երեք լեզուներով (հայերեն, ֆրանսերեն, անգլերեն) ՍԴ-ի պատրաստած էլեկտրոնային փոստի մատչելի ծրագրերում տեղ են գտել բոլոր երկրների սահմանադրությունների համեմատական վերլուծությունները, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ շատ երկրների բարձրագույն դատարանների որոշումները, մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող միջազգային բոլոր փաստաթղթերը:
Ահա այսպես, աշխարհի առաջավոր երկրների փորձի յուրացման, դրա աստիճանաբար կիրառման ու արդեն նաեւ մեր փորձը տարածելու ճանապարհով էլ ՀՀ սահմանադրական դատարանը ներկայացավ ու ներկայանում է աշխարհին:
Միայն վերջին չորս տարիների ընթացքում վերացական վերահսկողության կարգով ՀՀ սահմանադրական դատարանը ստացել է 208, կոնկրետ վերահսկողության կարգով` 1327 դիմում: 2006 թ. հուլիսի 1-ից մինչեւ 2011թ. հունվարի 1-ը կոնկրետ վերահսկողության կարգով սահմանադրական դատարան ներկայացված դիմումների 7,6 տոկոսն ընդունվել է քննության (միջին եվրոպական ցուցանիշը 3-5 տոկոս է): Միայն վերջին չորս տարում 88 անհատական դիմումների հիման վրա 37 գործերով օրենքների վիճարկվող դրույթները ճանաչվել են ՀՀ սահմանադրությանը հակասող եւ անվավեր, որը կազմում է կոնկրետ վերահսկողության կարգով վերջնական դատաքննության առարկա դարձած գործերի ավելի քան 40 տոկոսը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ

No comments: