Saturday, February 12, 2011

ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«ԱԶԳ» , 12-02-2011- Փետրվարի 9-ին Եվրոխորհրդարանում կազմակերպվել էր «Մարդու իրավունքներ` առանց սահմանների» ոչ կառավարական կազմակերպության միջոցառումը` ԵԽ-ի փոխնախագահ Լասլո Թոքեշի հովանավորությամբ: Տվյալ միջոցառման խորագիրն էր. «Չլուծված հակամարտության հետեւանքներ. Լեռնային Ղարաբաղ»: Միջոցառմանը ներկա ադրբեջանական պատվիրակությունը հերթական անգամ խոսելով 1 մլն ադրբեջանցի փախստականների մասին` փորձել է ներկայացնել նրանցից մեկին, որն, իբրեւ թե փախել է «Խոջալուի ցեղասպանությունից»: Սակայն Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի եւ այլ կազմակերպությունների միջամտությամբ Թոքեշը փոփոխության է ենթարկել միջոցառման հայտագիրը եւ զանց է առել Խոջալուից ենթադրյալ փախստականի վկայությունը: Բացի սրանից` Թոքեշը նաեւ նշել է, որ «մարդու իրավունքները ամենուր նույնն են», եւ հիշեցրել է հատկապես ադրբեջանական պատվիրակությանը, որ Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով ԵԽ-ն անցյալ տարվա նոյեմբերին հայտարարություն ընդունեց, որով կոչ արեց ԵԽ նախագահ Եժի Բուժեկին, որպեսզի վերջինս էլ իր հերթին դիմի Եվրոմիության խորհրդարաններին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով:

No comments: