Wednesday, February 9, 2011

Իրանի դեսպան. Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականություն գոյություն չունի

News.am. 9-2-2011- Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը չի կարծում, որ Ղարաբաղի շուրջ պատերազմի վերսկսման հավանականություն գոյություն ունի: Այս մասին նա նշել է այսօր՝ փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ու շարունակել. «Որովհետեւ նախ` չկան պատերազմի վերսկսման նախադրյալները, եւ երկրորդ` տարածաշրջանի ազդեցիկ ուժերը` ՌԴ, Իրանը Թուրքիան եւ անգամ Մինսկի խմբի երկրները չեն թույլ տա, որ նման բան տեղի ունենա»:
«Ես այն կարծիքի եմ, որ տարածաշրջանը չի հանդուրժի պատերազմի վերսկսումը Հայաստանի եւ Ադրբեջանի կամ Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ»,- ասել է նա:
Իրանի դեսպանը հիշեցրել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Բաքվում, եւ Ստամբուլում հնչեցրած հայտարարությունը, ըստ որի բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ Ղարաբաղյանը, պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների ճանապարհով, եւ Իրանն այդ հարցի կարգավորմանն օժանդակելու համար իրենից կախված ամեն ինչ կանի:
Անդրադառնալով տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքների սկզբունքներին, Սաղայանն ասել է. «Իհարկե, միջազգային փորձագետներն ասում են, որ այս երկու սկզբունքները հավասար են: Սակայն, ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, ապա կարծում եմ` դրա կարգավիճակն ավելի բարձր է: Չպետք է անտեսել մարդու իրավունքը եւ իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը, որի շնորհիվ էլ Հարավային Սուդանում մարդիկ հանրաքվեին մասնակցեցին, եւ իրենց կողմ քվեն տվեցին դրան»:

No comments: