Tuesday, February 22, 2011

«Washington Post»-ը Իլհամ Ալիևին տեսնում է մերձավորարևելյան դիկտատորների շարքում

Panorama.am. 21-2-2011- «Washington Post»-ն անդրադարձել է Թունիսի և Եգիպտոսի նախագահների` շվեյցարական բանկերում ունեցած հաշիվները սառեցնելու մասին այդ երկրների կառավարությունների ընդունած որոշումներին: Ասվում է, որ Թունիսի նախագահ Բեն Ալիի և Եգիպտոսի նախագահ Հուսնու Մուբարաքի` Շվեյցարիայի բանկերում հաշիվները սառեցնելու մասին որոշում ընդունել է նաև Եվրոպայի խորհուրդը:
Այս մասին հայտնում է «Ազադլիգ» թերթը` նշելով, որ ամերիկյան թերթը միաժամանակ հարց է բարձացնում, թե եթե հիշյալ դիկտատորներն ու նրանց ժառանգներն այդ փողերն իսկապես հավաքել են անօրինական ճանապարհով և թաքցրել Շվեյցարիայի բանկերում, ապա ինչո՞ւ էին Շվեյցարիայի կառավարությունը, ԵԽ-ն և ԱՄՆ-ը սպասում այդ դիկտատորների տապալմանը և մինչ այդ չեն բացահայտել և սառեցրել նրանց պատկանող կեղտոտ փողերը:
Ամերիկյան թերթը շարունակում է. «Խնդիրն այն է, որ նման վիճակում են հայտնվել նաև հեղափոխության շեմին կանգնած Ալժիրի նախագահ Աբդուլազիզ Բութեֆլիկան և Եմենի դիկտատոր Ալի Աբդուլլա Սալեհը, որոնք իրենց ժողովրդի կողմից մեղադրվում են անօրինական ճանապարհով հարստանալու մեջ: Մերձավոր Արևելքի դիկտատորների շարքում է նաև 11-ամյա որդու համար Դուբայում 44 մլն դոլար արժողությամբ վիլլա գնած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ամերիկյան թերթի կարծիքով, ավտորիտար երկրներում կոռուպցիան կենտրոնացված ղեկավարման սկզբունքն է: «Կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված փողերը միայն շքեղ կյանքի համար չեն, այլ նաև իշխանության մեջ մնալու համար մրցակիցներին գնելու, շարքից հանելու, մեծաթիվ ոստիկանական ուժեր պահելու և ժողովրդի վրա այլ ազդեցության լծակներ բանեցնելու համար են: Ժողովրդից գողացված փողերը պետք է վերադարձվեն ժողովրդին»,- եզրահանգում է «Washington Post»-ը:

No comments: