Tuesday, February 15, 2011

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ WIKILEAKS-ԻՆ

Հայաստանում թրաֆիկինգի մասին, ինչպես նաեւ այդ համատեքստում գլխավոր դատախազության գործունեության մասին WikiLeask-ի հրապարակումներին արձագանքել է գլխավոր դատախազությունը:
'Վերջին տարիներին ՀՀ գլխավոր դատախազության կողմից մեծածավալ նպատակաուղղված աշխատանքեր են կատարվել մեր երկրում մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դեռևս 2005թ. հունիսի 8-ի ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել էր առանձին ստորաբաժանում` մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի (թրաֆիքինգի) դեմ պայքարի բաժին, որտեղ կենտրոնացված կերպով քննվում էին թրաֆիքնիգի վերաբերյալ քրեական գործերը: Դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի ընթացքում ՀՀ դատախազության համակարգից հանվեց քննչական ապարատը, որի հետևանքով թրաֆիքինգի վերաբերյալ գործերի քննությունը իրականացվել է ՀՀ ոստիկանության տարածքային և համայնքային քննչական բաժիններում', ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Դրա հեղինակները նշում են, որ գլխավոր դատախազության հետևողական աշխատանքի արդյունքում Հայաստանը դուրս եկավ ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում նշվող թրաֆիկինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների 3-րդ խմբի ցանկից և տեղափոխեց 2-րդ խումբ, այն է` դուրս եկավ վերահսկվող երկրների ցանկից:

'Ամերիկյան դիվանագետներին մարմնավաճառների հայտնած որոշ տեղեկությունների վերաբերյալ, որ իբրև թե դատախազության աշխատակից Ա. Երեմյանը թույլ է տվել օրինախախտումներ, հայտնում ենք, որ ժամանակին, այդ հայտարարությունների իսկությունը ստուգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով անցկացվել են ծառայողական քննություն, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, ստուգվել են բոլոր բողոքները: Ծառայողական քննության արդյունքներով և միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությամբ այդ բողոքները չեն հիմնավորվել', ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ բերվում են նաեւ վիճակագրական տվյալներ

2008թ.-ի ընթացքում մարդու առևտրի հետ կապված հանցագործությունների փաստով նախաքննությունը կատարվել է 15 քրեական գործերով, որոնցից 12 քրեական գործը քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132, 1321 հոդվածների հատկանիշներով, 2 ՀՀ քր. օր-ի 166 –րդ հոդվածով :

2008թ.-ին դատարան է ուղարկվել 5 քրեական գործ, 9 անձի նկատմամբ: Նշված գործերից 3-ով կայացվել է մեղադրական դատավճիռ` ամբաստանյալները դատապարտվել են երկարատև ազատազրկման`մինչև 7 տարի 6 ամիս ժամկետով:

2009թ. ՀՀ քրեական օրենսգրքի 132, 1321, 168-րդ հոդված¬ներով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվել է 21 քրեական գործ:

2009թ. դատարան է ուղարկվել 11 քրեական գործ, 16 անձի նկատմամբ

8 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ մինչև 13- 14 տարի ազատազրկում ժամկետներով:

2010թ. ընթացքում թրաֆիքինգի դեմ իրականացվող պայքարի ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը դատախազական հսկողություն է իրականացվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 և 132.1 հոդվածներով հարուցված 13 քրեական գործերի նախաքննության նկատմամբ, որոնցից 4-ը 6 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարանª 2-ի վարույթները կասեցվել են, 3-ը միացվել են այլ քրեական գործերի, 4-ի նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերով մեղադրվել են 9 կանայք:

'ՀՀ գլխավոր դատախազությունը մշտապես հրապարակայնորեն ներկայացրել կատարված աշխատանքները, դրանց արդյունքները, և եթե դիվանագիտական պրակտիկայում ընդունված է զրուցակից կողմին ասել մի բան, հայտնել շնորհակալություն կատարված աշխատանքի համար, իսկ զեկուցագրերում նշել բոլորովին այլ բան, այդ հանգամանքը դուրս է դատախազության մեկնաբանության ոլորտից: ՀՀ գլխավոր դատախազությունը մշտապես հայտնում է այն, ինչ ամրագրված է կատարված աշխատանքներով, հանցավորության դեմ պայքարի վիճակագրությամբ և արդյունքներով', գրում է դատախազությունը:

No comments: