Friday, March 18, 2011

ՀՈՒՆԻՍԻ 12-Ը ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Առաջնակարգ կուսակցությունները պատգամավորի հայ թեկնածուներ են առաջադրում
«ԱԶԳ», 18-03-2011- Հունիսի 12-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի համընդհանուր ընտրություններն են, որոնց կմասնակցեն քաղաքական 24 կուսակցություններ, այդ թվումՙ կոմունիստական: Սակայն պատգամավորական տեղերի առումով գլխավոր պայքարը կընթանա երկրում իշխող «Արդարություն եւ բարգավաճում», Ժողովրդա-հանրապետական, Ազգայնական շարժում եւ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունների միջեւ:
Ամենայն հավանականությամբ այս ընտրությունները եւս, ինչպես 2002-ի եւ 2007-ի ընտրություններն էին, կավարտվեն վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հաղթանակով, որը եւս 5 տարի միանձնյա կիշխի երկրում: Համենայն դեպս, այդ մասին են վկայում սոցիալական ուսումնասիրությունների թուրքական մամուլում հրապարակված արդյունքները: Դրանք միաժամանակ վկայում են նաեւ Իթթիհադ վե Թերաքքիի իրավաժառանգորդ, Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական եւ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցությունների ժողովրդականության անկումը երկրում:
Ինչ վերաբերում է քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը, թեեւ թուրքական մամուլը նախընտրում է շրջանցել հարցախույզի քաղաքական այս կազմակերպությանը վերաբերող արդյունքները, սակայն առանց դրա էլ ակնհայտ է նրա հեղինակության աճը Թուրքիայի քրդաբնակ արեւելյան եւ հարավ-արեւելյան շրջաններում, ինչպես նաեւ երկրում բնակչության 1/4-ը կազմող քրդերի մոտ, հատկապես ներկա փուլում, երբ թուրքական պետության մեջ տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններին զուգընթաց հետզհետե ակտիվանում է քրդական շարժումը:
Կուսակցության ղեկավարությունը Մեջլիսում կարողանում է զուգահեռաբար քրդերեն ելույթներ ունենալ, ավելին, հանրահավաքներում հրապարակավ արտահայտվել Թուրքիայում քրդական ինքնավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին:
Հատկանշական է, որ վերոհիշյալ 4 կուսակցություններն էլ խորհրդարանական առաջիկա ընտրություններին ձգտում են մասնակցելՙ ունենալով պատգամավորական ցուցակներում հայ թեկնածուներ: Յուրաքանչյուրն, անշուշտ, առաջնորդվում է սեփական նկատառումերով, քանի որ 60-հազարանոց թուրքահայության ձայները 75-միլիոնանոց Թուրքիայում չեն կարող որեւէ արժեք ներկայացնել քաղաքական այդ կուսակցությունների համար:
Թուրքիայում կառուցվածքային փոփոխություններ իրականացնող Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, վերանայելով ազգային փոքրամասնությունների նկատմամբ դեռեւս Քեմալ Աթաթուրքի օրոք արմատավորված բացասական դիրքորոշումը, ձգտում է միջազգային ասպարեզում բարելավել թուրքական պետության վարկանիշը եւ դրական ազդանշաններ հաղորդել Եվրոմիությանը: Այսինքնՙ պատգամավորության հայ թեկնածուներն այս կուսակցության համար Թուրքիայի վարկանիշի բարելավման, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ հարաբերությունների կարգավորման միջոց են: Նրանց առաջադրումը միաժամանակ բխում է երկրում հաստատված ստատուս քվոն կառուցվածքային փոփոխությունների միջոցով խախտելու այս կուսակցության որդեգրած դիրքորոշումից:
Հայկական հարցը հայերին բնաջնջելու միջոցով լուծելու երիտթուրքական սկզբունքը ազգային փոքրամասնությունների հետ ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հարաբերությունների հիմքում դրած, քեմալական ազգայնականությամբ առաջնորդվող Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, ընդգրկելով պատգամավորական ցուցակներում հայ թեկնածուներ, փորձում է բարելավել ոչ թե պետության, այլ իր վարկանիշը: Նա դրանով միաժամանակ դրական ազդանշան է հաղորդում ալավիների, քրդերի նման կրոնական եւ էթնիկ բոլոր խմբավորումներին, որոնք, ի տարբերություն թուրքահայ համայնքի, բազմամիլիոն են:
Պատգամավորության հայ թեկնածու առաջադրելու միջոցով Թուրքիայի ազգային փոքրամասնությունների, կրոնական եւ էթնիկ խմբավորումների առաջ արդարանալը, առավել եւս այլատյացության մեղադրանքներից խուսափելը, ինչպես նաեւ հայերի նկատմամբ այսպես կոչված հանդուժողականությունը նեոֆաշիստականի մեղադրանքներին հակադրելը հատկապես անհրաժեշտ է Ազգայնական շարժում կոչվող այս ռասիստական կուսակցությանը:
Գալով քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը, ապա նա էլ հայ թեկնածու առաջադրելով փորձում է ապացուցել, որ Թուրքիայում իր առաջնահերթ խնդիրը ժողովրդավարությունն է, ազգային փոքրամասնությունների, կրոնական եւ էթնիկ խմբավորումների սահմանադրական իրավունքների նկատմամբ ընդհանուր հարգանքը, ինչպես նաեւ Թուրքիայի ոչ թուրք բնակիչներին եւ բոլոր այլադավաններին պաշտպանության տակ վերցնելը:
Ակնհայտ է, որ պատգամավորության հայ թեկնածու առաջադրելու դեպքում կուսակցությունն այլեւս պարտավորված չի լինի հասարակությանը ներկայանալ որպես քրդական կազմակերպություն, անհամեմատ կդժվարանա նրա օտարումը բազմազգ Թուրքիայում քաղաքական համակարգից եւ նա կձերբազատվի Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանՙ PKK-ի կամակատարը լինելու հանիրավի մեղադրանքներից:
Համենայն դեպս, Ստամբուլում վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը պատգամավորի թեկնածու կառաջադրի Մելքոն Կարաքյոսեին եւ Հերման Պալյանին, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունըՙ Արեւ Ջեբեջիին, Ազգայնական շարժում կուսակցությունըՙ Գեղամ Կարապետյանին, իսկ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունըՙ ծնունդով արդվինցի, ծագումով հայ Իսմեթ Շահինին:
Նշելով այդ թեկնածուների մասին մարտի 17-ի համարումՙ «Ռադիկալը» միաժամանակ տեղեկացնում է, որ Գեղամ Կարապետյանը Ազգանյական շարժում կուսակցությունից պատգամավորության թեկնածու էր առաջադրվել նաեւ 2007-ի ընտրություններում: Ըստ թուրքական թերթի, Սբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն պատրաստ է թեկնածու առաջադրվել «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունից, եթե առաջարկն անձամբ անի վարչապետ Էրդողանը:
Նույն աղբյուրի վկայությամբ, ձախակողմյան ուժերի ընդհանուր թեկնածու Հայկ Բաղդադին հավանություն չի տվել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը, իսկ հանգուցյալ Հրանտ Դինքի այրինՙ Ռաքել Դինքը մերժել է քրդամետ այս կուսակցության թեկնածու առաջադրվելու առաջարկը, որից հետո կուսակցությունը դիմել է Իսմեթ Շահինին: Վերջինն, իր իսկ խոսքերով, ծնվել է «Արդվինի հայկական գյուղերից մեկում եւ մինչեւ դպրոց հաճախելը թուրքերեն չի իմացել»: Թեեւ «Ռադիկալը» չի նշում, սակայն մնում է ենթադրել, որ նրա մայրենի լեզուն եղել է քրդերենը: Եթե դա ճիշտ է, ապա Շահինը քրդախոս հայերից է, համենայն դեպս, դա է հուշում նրա մահմեդական Իսմեթ անունը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: