Thursday, March 24, 2011

ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆ-ԱՆԱ ԱՐՐԱԶՈԼԱ ՄՐՑԱՄԱՐՏԸՙ ՄԱՐՏԻ 26-ԻՆ

«ԱԶԳ», 24-03-2011- Շաբաթ օրը, ժամը 22-ին ութամսյա «մարտական» դադարից հետո Համբուրգում ռինգ դուրս կգա բռնցքամարտի թեթեւքաշայինների աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը: 23-ամյա Սյուզիի մրցակցուհին մեքսիկուհի Անա Արրազոլան է:
Այն հարցին, թե ութամսյա դադարն ինչպե՞ս է լցրել, Սյուզին պատասխանում էՙ «շատ եմ ճամփորդելՙ ԱՄՆ, Հայաստան, շատ բան եմ հասցրել անել ու ինձ հիմա թարմ եմ զգում»: Իր մրցակցի մասին Քենտիկյանն իմացել է մրցամարտից երեք շաբաթ առաջ, դիտել է նրա մենամարտերի տեսագրությունները եւ կարծիք հայտնել, թե «Արրազոլան շատ փորձառու է, հետամուտ նպատակինՙ իսկական մեքսիկուհի է, սիրում եմ այդ ոճը»: Մեր ընթերցողներին արդեն իրազեկել ենք, որ անցած ամիսներին մարզումներին զուգահեռ Սյուզին սպասման մեջ էր անցկացնում: Ունիվերզում ակումբը, ուր հանդես էր գալիս մեր հայրենակցուհին, մրցումներ կազմակերպելու խնդիրներ ուներ:Հունվարին Սյուզին պիտի ռինգ դուրս գար, հետաձգվեց, հետո հայտարարվեց, թե մրցամարտը փետրվարին է լինելու, դարձյալ չկայացավ:Հիմա վերջապես մարտին, բայց ուրիշ ակումբի հետՙ մենեջեր Ուլֆ Շթայնֆորթի եւ նրա SES բռնցքամարտի ակումբի կազմում: Մարզիչը, ինչպես նախկինում, Մագոմեդ Շաբուրովն է:
Քենտիկյանը վերջին անգամ ռինգում իր ուժերն է չափել 2010-ի հուլիսի 17-ինՙ մեքսիկուհի Արելի Մուչինոյի դեմ կայացած մրցամարտում: Գլխին ստացած հարվածների պատճառով Սյուզին վնասվածք էր ստացել, մրցամարտը չգնահատվեց: WIBF, WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոնուհին 27 մրցամարտ հաղթանակով է պսակել:
Մի բան էլՙ հիշեցման կարգով: «Ազգի» ընթերցողներն արդեն տեղյակ են, որ մարտին Գերմանիայում լույս տեսավ Քենտիկյանի ինքնակենսագրականըՙ «Ինձ ոչինչ նվեր չի տրվել» վերնագրով:« Կյանքիս մանրամասների մասինՙ ինչպես եմ մեծացել, ինչպես եմ հայտնվել Գերմանիայում, շատ էին հարցնում: Ես էլ ամեն ինչի մասին պատմել եմ իմ գրքում», գրելու շարժառիթը բացատրել է Սյուզին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: