Wednesday, March 23, 2011

ՀԱՄԲՈՒՐԳՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ 3 ԱՆԴԱՄՆԵՐԻ

«ԱԶԳ», 23-03-2011- Ինչպես 2010-ի հունվարին իրազեկել էինք մեր ընթերցողներին, նույն ամսվա 11-ին Համբուրգի Լոհբրյուգգեի ժամանցի վայր հանդիսացող սպորտային կենտրոններից մեկում վեճ էր սկսվել արական սեռի 17 ներկայացուցիչների միջեւ, որն ավարտվել էր կրակոցներով: Գերմանաբնակ երկու խմբավորումները, որոնց ներկայացուցիչները ծագումով Հայաստանից են, թշնամացած հարաբերություններ են ունեցել: Առճակատումից հրազենից վիրավորվել էր Հյուսիս-Հռենոս-Վեստֆալիա երկրամասից ժամանած խմբավորման անդամներից 39-ամյա Վաչագան Վ.-ն, վերջինիս տեղափոխել էին հիվանդանոց: Նրա վիճակն այժմ լավ է, գտնվում է տանը: Սպորտային կենտրոնի անվտանգության պահպանության տեսանկարահանող համակարգը միացված էր եղել, ժապավենը հանձնվել էր քննության: Երկուշաբթիՙ մարտի 21-ին, Համբուրգի լրատվամիջոցները հաղորդեցին, թե ժապավենի եւ վկաների օգնությամբ մարտի 18-ին գիշերով արդեն ձերբակալել են քաղաքի տարբեր հատվածներում բնակվող երկու խմբավորումների 3 գլխավոր դերակատարներինՙ 27, 36, 23 տարեկան տղամարդկանց, որոնց տներում տարատեսակ զինամթերք էլ են գտել, իսկ 36-ամյա կասկածյալի բարձի կողքին լիցքավորված ատրճանակ է եղել: Մյուս անդամներին փնտրում են: Ըստ իրավապահ մարմինների, վիճաբանությունը ծագել է դրամական փոխադարձ պահանջների պատճառով: Մյունստերաբնակ հայերից մեկի հանցագործություններին տեղի ոստիկանությունն արդեն տեղյակ էր:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: