Wednesday, March 23, 2011

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱՆԱՅԻ

«Լրագիր» 22-3-2011- Իսկը ժամանակն է, որ Հայաստանը կարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Հենց հիմա, քանի դեռ Ռուսաստանում տեղի չեն ունեցել ֆորս-մաժորային իրադարձություններ, հայկական իշխանությունը ռուսաստանցի գործընկերներին պետք է ներկայացնի հայ հասարակության մեջ նոր տրամադրությունները: Իսկ այդ տրամադրություններն արդեն վաղուց անամպ չեն, ինչպես մի քանի տարի առաջ, եւ պահանջում են նոր ինստիտուցիոնալացում:
Իրավիճակը Ռուսաստանում բավական “մութ” է: Մեդվեդեւի եւ Պուտինի մրցակցությունն արդեն անթաքույց է. Ռուսաստանի վարչապետն, օրինակ, քննադատեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը Քադաֆիի ռեժիմի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, որին համաձայնել էր պաշտոնական Մոսկվան, եւ այն անվանեց խաչակրաց արշավանք: Նախագահն անմիջապես այդ համեմատությունն անթույլատրելի որակեց: Առայժմ “հաղթում է” Մեդվեդեւը, սակայն Պուտինից բոլորն անակնկալ են սպասում:

Ինչպե՞ս կդասավորվի իրավիճակը Ռուսաստանում, որտեղ այս տարվա աշնանը սպասվում է Դումայի, իսկ մեկ տարի անց` նախագահի ընտրություն: Երկու հիմնական տարբերակ կա` կամ հաղթում է մեդվեդեւի մոդեռնիզմը, կամ էլ Ռուսաստանն ընտրում է “ցար”: Եւ մեկ, եւ մյուս դեպքում ներկայիս ստատուս-քվոն կփոխվի, եւ Հայաստանը պետք է պատրաստ լինի երկու տարբերակներին էլ:

Հենց այս սպասվող փոփոխությունների ֆոնին էլ Հայաստանը պետք է բարձրացնի Ռուսաստանի հետ հարաբերության վերանայման հարցը, սկսած տնտեսական եւ վերջացրած անվտանգության հարցերով: Այդ հարաբերությունները ներկայում էլ փաստաթղթավորված են, սակայն դրանք ակնհայտորեն համարժեք չեն Հայաստանի շահերին: Տնտեսական աքցանը, որի մեջ է Ռուսաստանն առել Հայաստանը, երկրին թույլ չի տալիս ոչ միայն զարգանալ, այլեւ արդեն գոյատեւել: Հայաստանը պետք է վերանայի տնտեսական հարաբերությունը Ռուսաստանի հետ` ինչպես ենթակառույցների ու ձեռնարկությունների, այնպես էլ դրանցում ռուսական ներդրումների մասով:

Պետք է վերանայվի նաեւ Հայաստանի սահմանների պաշտպանության գործառույթները ՌԴ ԱԴԾ-ին փոխանցելու մասին պայմանագիրը: Երեւանի ու Մոսկվայի միջեւ կարող է կնքվել այլ պայմանագիր, որը կենթադրեր համագործակցություն, բայց ոչ գործառույթների փոխանցում:

Առաջին հայացքից կարող է թվալ, որ այնպիսի “մախինայի” հետ, ինչպիսին Ռուսաստանն է, դժվար է պայքարել, առավել եւս` հայտարարել հարաբերության վերանայման մասին: Հայաստանը չափազանց փոքր է, որպեսզի չենթարկվի Ռուսաստանին, ասում են շատերը: Սակայն փոքր երկրներն էլ քաղաքակաության համար ահռելի պոտենցիալ ունեն, եթե կա ցանկություն եւ կամք:

Ռուսաստանի հետ հարաբերության վերանայումը կարեւոր է նաեւ ներքաղաքական պլանում: Ուղղակի կամ անուղղակի, սակայն Կրեմլի ձեռքը միշտ խառն է եղել Հայաստանի ներքաղաքական իրադարձություններում: Կարեւոր չէ` Մոսկվան “դրել” է իր կադրերին կամ խանգարել ուրիշների ընտրվելուն, սակայն նա միշտ մասնակցել է հայկական իշխանության ձեւավորմանը: Դա, իր հերթին, հանգեցրել է հայկական իշխանության լիակատար կախվածությանը Մոսկվայի “ավագ եղբայրներից”, ոչ միայն արտաքին քաղաքական մանեւրի, այլեւ նույնիսկ ներպետական բարեփոխումների խոչընդոտմանը:

Ռուսաստանում անորոշության ֆոնին ճիշտ ժամանակն է դուրս մղել ռուսական գործոնը Հայաստանի ներքին կյանքից: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ հայ քաղաքական գործիչները մանդատի հետեւից չվազեն Մոսկվա եւ փորձեն ինքնուրույն լուծել սեփական խնդիրները:

Այս ամենը բավական ուտոպիստական է թվում, սակայն միայն առաջին հայացքից: Մոսկվան նույնպես հասկանում է, որ Հայաստանը թերեւս իր միակ դաշնակիցն է աշխարհում, եւ արծվի “գլուխներից” յուրաքանչյուրը շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների նոր որակով:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: