Thursday, March 24, 2011

Ստամբուլ գաղթած հայաստանցի երեխայի ուրախությունը. Ես դպրոց եմ գնում, դպրոց...

News.am. Ամիսներ են անցել Թուրքիայի վարչապետի այն հայտարարությունից, թե հանձնարարված է լուծել Թուրքիա գաղթած հայաստանցիների երեխաների կրթության հարցը, սակայն այս ուղղությամբ դեռեւս քայլեր չկան։ Հիմնականում սոցիալական ծանր պայմաններից ելնելով Ստամբուլ գաղթած հայաստանցիների երեխաները շարունակում են հաճախել Գեդիկփաշայի Հայ Ավետարանչական եկեղեցու ներքնահարկում գործող ընդհատակյա դպրոց, որտեղ պայմանները բարելավել են, լուծվել է սննդի հարցը, սակայն շարունակվում են խնդիր մնալ հայկական դասագրքերը։
NEWS.am-ի թղթակիցն այցելեց Գեդիկփաշայի հայկական եկեղեցում գործող դպրոց, որտեղ դպրոցի եւ մանկապարտեզի ստեղծման, դասերի կազմակերպման մասին սիրով ներկայացրեցին դպրոցի կազմակերպչական աշխատանքներով պատասխանատու, մանկավարժ Հերիքնազ Ավագյանն ու մյուս ուսուցչուհիները։
Դպրոցի ստեղծման աշխատանքները 2003-ին նախաձեռնել է ստամբուլահայ Ալեքս Ուզուրօղլուն՝ Հերիքնազ Ավագյանի հետ։ Նրանք դպրոցի համար տեղ հատկացնելու խնդրանքով այն ժամանակ դիմել են Պոլսո Հայոց պատրիարքարան եւ մերժում ստացել։ Հայաստանցի երեխաների կրթության մասին մտահոգվել եւ նրանց տեղ է հատկացրել Գեդիկփաշայի Հայ Ավետարանչական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Պատվելի Աղաբալօղլուն, ում վերաբերմունքից մինչեւ հիմա շատ գոհ են թե ուսուցիչները, թե երեխաներն ու նրանց ծնողները։
Դպրոցի ստեղծման ժամանակ աշակերտները 7-ն են եղել, իսկ հիմա նրանց թիվը 60-ի է հասնում։ Նույն վայրում գործում է նաեւ մանկապարտեզ, որտեղ նախադպրոցական կրթություն են ստանում սկսած 3 տարեկանից։ Իսկ դպրոցում գործում են 1-ից 5-րդ դասարանները։ Ավելի բարձ դասարաններ ստեղծելու հնարավորություններ չկան, քանի որ դրա համար տարածք չկա։ Այսինքն, 5-րդ դասարանից հետո երեխաները կրկին մնում են բախտի քմահաճույքին։ Տղաները սկսում են արհեստներ սովորել, իսկ աղջիկներ ստիպված են տանը զբաղվել ինքնակրթությամբ։ Դպրոցում սովորելու համար ծնողները ստիպված են վճարել, քանի որ այդ գումարներով են վարձատրվում ուսուցչուհիները, ովքեր քիչ աշխատավարձով էլ համաձայնվել են զբաղվել երեխաների կրթությամբ։ Ծնողերը եւս գոհ են դպրոցից, քանի որ իրենց երեխաները չեն մնում առանց կրթության եւ իրենք էլ կարողանում են հանգիստ գնալ աշխատանքի։ Երեխաներից ոմանք մնում են մինչ ուշ երեկո, քանի որ նրանց ծնողների աշխատանքը ուշ է վերջանում։
Ոսուցչուհիները ներկայացրեցին ուսումնական ձեռնարկները՝ նշելով, որ իրենք ուսումնական գործընթացն իրականացնում են Հայաստանի դպրոցներում կիրառվող ծրագրերով, ինչպես նաեւ ցույց տվեցին տարբեր դասարանների աշակերտների տարբեր առարկաների տետրերը, որոնք աչքի էին ընկնում իրենց կոկիկությամբ։ Ապրելով մահմեդական երկրում, երեխաները դպրոցում հատուկ դասաժամերի ընթացքում որոշակի տեղեկություններ են ստանում քրիստոնեության վերաբերյալ։ Երեխաները բոլոր առարկաները հաջողությամբ ուսանում են, պարզապես փոքր ինչ դժվարություններ կա ռուսերենի հետ կապված, քանի որ տվյալ լեզուն մեկ տարի առաջ է մտցվել դասացուցակում։ Դասարանների պատերը եւս հիշեցնում են Հայաստանի դպրոցների պատերը՝ Հայաստանի դրոշով, քարտեզով, օրհներգի տեքստով եւ այլն։

Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետն ավարտած եւ Երեւանի թիվ 180 դպրոցում դասավանդած Հերիքնազ Ավագյանը նշեց, որ իրենց բոլոր ուսուցիչներն ունեն բարձրագույն կրթություն։ Օրինակ՝ Դոնարա Բեբուրյանը երկար տարիներ աշխատել է Գյումրու թիվ 1 կրթահամալիրում։ Ոսուցչական կազմի մեջ նորեկն էր Լիլիթը, ով ավարտել է ԵՊՀ-ն։

Տիկին Հերիքնազ Ավագյանը շեշտեց, որ նախորդ տարի Թուրքիայի վարչապետի հայտարարությունից հետո, թե Թուրքիայում անօրինական ապրող հայաստանցիները վտարվելու են, իրենց մոտ շատ լարված եւ անհանգիստ վիճակ էր ստեղծվել։ «Սակայն այդ հայտարարությունից հետո բազմաթիվ թուրք լրագրողներ եկան մեզ տեսնելու։ Այդ հայտարարությունից հետո շատ բան է փոխվել դեպի դրականը։ Մենք հովանավոր գտանք՝ ի դեմս «Կարիտաս»-ի, ում շնորհիվ լուծեցինք սննդի հարցը։ Այժմ երեխաները տեղում են սնվում, քանի որ հովանավորի շնորհիվ կառուցվել է փոքրիկ ճաշարան։ Նախկինում ծնողները երեխաների հետ միայն նախաճաշ էին դնում, իսկ ճաշի ժամին շատ խառն իրավիճակ էր ստեղծվում։ Ցուցակ էր գրվում։ Մեկին լահմաջո, մեկին շաուրմա, մեկին ապուր եւ այլն։ Այնուհետեւ դրանք պետք է բերվեին։ Սնունդի մի մասն ուշանում էր։ Մի խոսքով, շատ բարդ էր»,-ընդծեց Հերիքնազ Ավագյանը՝ հավելելով, որ իրենք կարողացել են դպրոցի եւ մանկապարտեզի համար նաեւ նոր կահույք եւ հեռուստացույց գնել։

Հերիքնազ Ավագյանին հուզել էր մի դեպք, որը տեղի էր ունեցել դպրոցի ստեղծման առաջին օրերին։ «Երբ երեխաները նոր էին սկսել հաճախել մեր դպրոց, թաղամասի քրդերից մեկը տեսնելով իրեն ծանոթ մի հայ երեխայի, ով մտնում էր հայկական եկեղեցի, հարցրեց, թե նա ո՞ւր է գնում պայուսակը ուսին։ «Դպրոց, դպրոց եմ գնում»,-ուրախությամբ ասաց երեխան։ Այդ խոսքերն ինձ վրա շատ ազդեցին»,-նշեց Հերիքնազ Ավագյանը։

No comments: