Friday, March 25, 2011

Թուրք իրավապահները մեկ առ մեկ ոչնչացնում են կալանավորված լրագրողի

Tert.am.25-3-2011-Երեկ թուրք իրավապահները խուզարկություն են իրականացրել թուրքական «Ռադիքալ» (Radikal) օրաթերթի խմբագրությունում։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խուզարկությունն իրականացվել է «Էրգենեքոն» կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում կալանավորված լրագրող Ահմեթ Շըքի դեռևս չհրատարակված «Իմամի բանակը» խորագրով գրքի էլեկտրոնային տարբերակի հայտնաբերման և ոչնչացման նպատակով։
«Ռադիքալի» խմբագրությունում թուրք ոստիկանները լրագրող Էրթուղրուլ Մավիօղլուի համակարգչում հայտնաբերել և առգրավել են «Իմամի բանակը» գրքի էլեկտրոնային տարբերակը։ Ի դեպ, Էրթուղրուլ Մավիօղլուն Ահմեթ Շըքի հետ միասին հեղինակել է «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության մասին երկհատոր մի գիրք։
Թուրք իրավապահները սպառնացել են, որ յուրաքանչյուր ոք, ով կփորձի թաքցնել Ահմեթ Շըքի գրքի պատճենը, քրեորեն կհետապնդվի «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեղադրանքով։
Նշենք, որ Ահմեդ Շըքի գրքի պատճենների հայտնաբերման և ոչնչացման մասին որոշումը կայացվել է Ստամբուլի քրեական դատարանի կողմից։
Հիշեցնենք, որ մարտի 3-ին Ստամբուլում և Անկարայում «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում թուրք իրավապահները ձերբակալել էին 10 անձանց, որոնց մեծ մասը լրագրողներ և ԶԼՄ–ների աշխատակիցներ են։
Ձերբակալվածների թվում են լրագրողներ Նեդիմ Շեները և Ահմեթ Շըքը, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվել է կալանքը։ Նեդիմ Շեները երկու գիրք է հեղինակել «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ։ Իսկ Ահմեթ Շըքը ուսումնասիրություններ է իրականացրել «Էրգենեքոնի» գործի առնչությամբ։

No comments: