Friday, March 25, 2011

«Ենի Մուսավաթ». «Սաֆար Աբիևի ճանապարհի վերջը երևում է»

Panorama.am.25-3-2011- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որոշել է անձամբ ստուգել բանակում տիրող իրավիճակը, ինչի համար անվտանգության և պաշտպանության հարցերով իր օգնական Վահիդ Ալիևին մեկ շաբաթ առաջ գործուղել է առաջնային գիծ` զինված ուժերում ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
Այս մասին հայտնում է «Ենի Մուսավաթը»` նշելով, որ Վ. Ալիևի պատրաստած զեկույցը կարող է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի պաշտոնավարության վերջն ավետել:
Ասվում է, որ Ալիևի օգնական գեներալ-լեյտենանտը հասցրել է լինել առաջնային գծի գրեթե բոլոր զորամասերում: Նա եղել է նաև աղմուկ հանած Շամխորի զորամասում, որտեղ փետրվարի 20-ին ոչ կանոնադրական հարաբերությունների հետ կապված միջադեպի արդյունքում 7 զինվոր է սպանվել:
Սպասվում է, որ Վ. Ալիևը ճակատային գծի երկարությամբ տեղակայված զորամասերում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Իլհամ Ալիևին հատուկ զեկույց կներկայացնի, որից էլ կախված կլինի Ս.Աբիևի հետագա ճակատագիրը: Չի բացառվում նաև, որ եթե Վ.Ալիևի ներկայացրած զեկույցի արդյունքում Ս.Աբիևը պաշտոնանկ արվի, ապա պաշտպանության նախարարի պաշտոնը կզբաղեցնի հենց նախագահի ռազմական հարցերով ներկայիս օգնականը:
Milaz.info-ի` Վահիդ Ալիևի հետ կապված վերլուծության մեջ ասվում է, որ նրա դիրքերը ներկայում բավականին ամրապնդվել են: Օգտագործելով Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած իր մոտ հարաբերությունները` նա կարողացել է ադրբեջանական բանակի զորամասերից մեկում գնդապետ-լեյտենանտի կոչումով քաղաքական գործերով հրամանտարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող իր եղբորը` Վիդադի Ալիևին նշանակել տալ Ներքին զորքերի հրամանտարի տեղակալի պաշտոնում: Վիդադի Ալիևը կայծակնային արագությամբ և գնդապետի աստիճան է ստացել, և նույնիսկ արժանացել գեներալ-մայորի աստիճանի:
«Չճշտված տեղեկություններով, Վահիդ Ալիևն իր մոտ շրջապատում նույնիսկ հայտարարել է, որ մոտ ժամանակում նշանակվելու է պաշտպանության նախարարի պաշտոնում: Երևի դա է պատճառը, որ այդ պնդումից ոգևորված` նա կարողացել է իր ղեկավարած փոքրիկ բաժնի միջին զինվորական կրթությամբ միանգամից երեք անձանց համար գեներալի կոչում հաջողացնել»,- գրել է Milaz.info-ն:

No comments: